Երևանի նորընտիր քաղաքապետ Հայկ Մարությանը Շառլ Ազնավուրի մահվան կապակցությամբ ցավակցական գրառում է կատարել ֆեյսբուքյան իր էջում:
«Հայ ազգի մեծագույն գործիչը հեռացավ մեզանից: Սա, իհարկե, մեծ կորուստ է Շառլ Ազնավուրի արվեստի երկրպագուների համար ամբողջ աշխարհում: Բայց, ամենից առաջ, սա մեծ կորուստ է համայն հայության համար, քանի որ մաեստրոն իր գործունեությամբ բազմիցս սովորեցրել է բոլորիս, թե ինչ է մարդասիրությունը, հայրենասիրությունը և արդարությունը: Ցավակցում եմ ընտանիքի անդամներին և հարազատներին»,– գրել է նա:
Ավելի վաղ հայտնել էինք, որ մահացել է համաշխարհային ճանաչում վայելող հայազգի շանսոնյե Շառլ Ազնավուրը։
Շանսոնյե, պոետ, կոմպոզիտոր, դերասան Շառլ Ազնավուրը 94 տարեկան էր։ Նա մահացել է Ֆրանսիայի հարավում գտնվող իր վիլլայում։ Մինչ այդ նա շրջագայության էր Ճապոնիայում։




























