Արտահերթ խորհրդարանական ընտրությունները պետք է լինեն. մեր օրենսդիր դաշտում անհասկանալի իրավիճակ է ու չգիտես, թե մի ժամ հետո ինչ կարա լինի: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 2-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Սասուն Միքայելյանը:
«Կներեք, ոնց որ ռումբ դրած լինի այս շենքի տակ: վերջիվերջո ՀՀԿ-ականները պետք է հասկանան, որ իրենց գործունեության արդյունքն է թավշյա հեղափոխությունը: Պետք է հասկանան եւ թողնեն, որ մարդիկ, ժողովուրդը ձեւավորի իր Ազգային ժողովը: Այս ԱԺ-ն ձեւավորվել է ճնշման, ընտրակաշառքներ բաժանելու եւ շատ ռեսուսրներ օգտագործելու արդյունքում: Այն չի ներկայացում ժողովրդի կամքը: Դրա համար պետք է հասկանան, որ ժամ առաջ պետք է ԱԺ-ն լուծարվի»,-ասաց Սասուն Միքայելյանը:
Դիտարկմանը, թե ՀՀԿ-ականները պնդում են, որ հիմա հասարակությունն էյֆորիայի մեջ է եւ նման պայմաններում ճիշտ չէ ընտրություններ կազմակերպելը, «Ելք»-ի պատգամավորն արձագանքեց. «Սա միայն ոգեւորության հարց չի, երբ ի սկզբանե իշխանափոխության իր քայլերն էին անում, ժողովուրդը կամաց-կամաց իր պատրաստակամությունը հայտնեց: Ժողովուրդն էյֆորիայի մեջ չի, ժողովուրդն ընդամենը ցնցված է: Պահի ազդեցության խնդիր չի, ժողովուրդն ազատվել է նախկին իշխանությունից»:




























