Արցախի զորամասերից մեկում հոկտեմբերի 1-ին դեռեւս չպարզված հանգամանքներում մահացած Գեւորգ Հարոյանը Գյումրիի բնակիչ էր, բանակ էր զորակոչվել ամռանը։
NEWS.am–ին Գյումրիի բժշկական կենտրոնից հայտնեցին, որ Գեւորգի հայրը՝ Սուրեն Հարոյանը, աշխատում է իրենց մոտ, դիալեզի բժիշկ է։
Հայաստանի ազգային պոլիտեխնիկական համալսարանի Գյումրիի մասնաճյուղից էլ մեզ փոխանցեցին, որ Գեւորգը սովորում էր իրենց մոտ, ամռանն էր ավարտել ուսումն ու մեկնել էր ծառայության։
«Ընտիր ուսանող էր, խիստ բարեխղիճ, դաստիարակված, հարգալից ոչ միայն դասախոսների, այլեւ ուսանողների հետ։ Շատ հանգիստ, զուսպ երիտասարդ էր, անվճար էր սովորում»,– մեզ հետ զրույցում նշեց Գեւորգի դասախոսներից Գեւորգ Հակոբյանը։
Թե ինչ հանգամանքներում է մահացել ընդամենը 3 ամիս առաջ բանակ զորակոչված զինծառայողը, դեռեւս պարզ չէ։ Ըստ Արցախի ՊԲ մամուլի ծառայության՝ հոկտեմբերի 1–ին ժամը 10:50-ի սահմաններում ՊԲ հարավ-արեւելյան ուղղությամբ տեղակայված զորամասերից մեկում, դեռեւս չպարզված հանգամանքներում, ծանր հրազենային վիրավորում է ստացել ՊԲ զինծառայող, 21–ամյա Գեւորգ Սուրենի Հարոյանը: Վիրավորում ստացած զինծառայողը տեղափոխվել է զինվորական հոսպիտալ, որտեղ ժամը 15:05-ի սահմաններում գրանցվել է վերջինիս կենսաբանական մահը:
Դեպքի մանրամասները պարզելու համար կատարվում է քննություն:




























