Սահմանադրության մեջ հստակ նշված է, որ եթե խորհրդարանը 14 օրում վարչապետ չի ընտրում, ապա այն արձակվում է: Հոկտեմբերի 2-ին ԱԺ նիստում ««Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքում փոփոխություններ կատարելու մասին» օրինագծի քննարկման ժամանակ այս մասին ասաց «Ելք» դաշինք խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը:

Ընդ որում՝ պատգամավորը նշեց, որ Սահմանադրության մեջ չի նշվում, թե խորհրդարանն ինչ պատճառով չի կարողացել նոր վարչապետ ընտրել: «Ես մեջբերում եմ այդ հատվածը: Այստեղ նշված է, որ եթե պատգամավորների բացարձակ մեծամասնությունը չի ընտրում վարչապետին, ապա խորհրդարանն իրավունքի ուժով արձակվում է»,- ասաց պատգամավորը:

Մարուքյանի կարծիքով՝ այս օրինագիծը հետապնդում է միայն մեկ կոնկրետ նպատակ՝ թույլ չտալ Սահմանադրության մեջ նշված տվյալ դրույթի կատարումը: Այս պատճառով, ինչպես նշեց «Ելք» դաշինք խմբակցության պատգամավորը, խմբակցությունն այս օրինագծի ընդունմանը դեմ կքվեարկի, քանի որ անհրաժեշտ է հետեւել Սահմանադրությանը:

Նշենք, որ օրինագծով նախատեսվում է Ազգային ժողովը ցրելու անթույլատրելիություն այնպիսի իրավիճակ առաջանալու դեպքում, երբ խորհրդարանը ստիպված կլինի երկրորդ անգամ երկրի վարչապետ ընտրել, եւ քվեարկության օրը ինչ-ինչ հանգամանքների պատճառով քվեարկության գործընթացը կդժվարանա (օրինակ՝ ԱԺ աշխատանքի արգելափակման):