Հռչակավոր ֆրանսիացի շանսոնյե Շառլ Ազնավուրի ականավոր ստեղծագործությունը գերազանցել է ժամանակն ու սահմանները, կարծում է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլեն:
«Մենք խորը ցավով տեղեկացանք Շառլ Ազնավուրի մահվան մասին: Նա ոչ միայն լեգենդար, ամբողջ աշխարհում ճանաչված արտիստ էր, այլեւ ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ բարեկամը: Նրա ստեղծագործությունը, որն այնքան ականավոր է եւ ճանաչման է արժանացել մի քանի սերունդների կողմից, գերազանցել է ժամանակն ու սահմանները»,- նշված է Ազուլեի հայտարարության մեջ:
Միջազգային կազմակերպության ղեկավարի խոսքով՝ երգերը, որոնց շնորհիվ Ազնավուրը հռչակ է ձեռք բերել, «դեռեւս երկար կշարունակեն մեր մեջ ապրել, էլ չենք խոսում նրա տաղանդավոր խաղի մասին հայտնի ռեժիսորների կինոֆիլմերում»:
«Բացի եզակի եւ դրա հետ մեկտեղ բազմակողմանի ստեղծագործական գործունեությունից, Շառլ Ազնավուրն ամբողջությամբ նվիրված էր հասարակությանը: Մենք, մասնավորապես, հիշում ենք, թե նա ինչպես ի մի բերեց միջազգային ջանքերը սարսափելի երկրաշարժից հետո, որը 1988 թվականին աղետի ենթարկեց Հայաստանը»,- նշել են ՅՈՒՆԵՍԿՕ-ից:
Ազուլեն շեշտել է, որ «նա Հայաստանի անխոնջ դեսպանն էր, իսկ 1995 թվականին նշանակվել էր ՅՈՒՆԵՍԿՕ-ում Հայաստանի պատվավոր դեսպանն ու մշտական ներկայացուցիչը»:
«Նա միշտ մնացել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի մեծ բարեկամը, մեր կազմակերպության մարդասիրական արժեքների, մշակութային բազմազանության եւ երիտասարդների կրթության, որպես նախապաշարումներից պաշտպանելու լավագույն միջոց, կարեւորության պաշտպանը»,- հավելել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրենը:
Նա հիշել է, որ Ազնավուրն «իր առաջնահերթություններից էր դարձրել նաեւ ֆրանկոֆոնիայի տարածումը», եւ հավելել, որ անհամբերությամբ էր սպասում նրա հետ նոր հանդիպմանը, որը տեղի էր ունենալու Երեւանում հաջորդ շաբաթ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովի ժամանակ:




























