Հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատուրյան քույրերի պաշտպանությունը դատարանին խնդրում է նրանց թույլ տալ շփվել լրագրողների, ազգականների հետ եւ զանգահարել փաստաբաններին, «ՌԻԱ Նովոստի»-ին հայտնել է փաստաբան Ալեքսեյ Լիպցերը:

«Մենք բողոքարկել ենք դատարանի սահմանած արգելքները, մասնավորապես, հարազատների եւ այլ մարդկանց հետ շփումների արգելքը, որոնց հետ նրանք կհանդիպեն առօրյայում, խանութներում եւ այլն։ Այժմ դատարանի որոշմամբ նրանք կարող են խոսել միայն փաստաբանների եւ քննիչների հետ։ Նրանց նաեւ արգելված է հեռախոսից օգտվել։ Մենք խնդրում ենք, որ նրանք կարողանան զանգահարել փաստաբաններին»,–ասաց Լիպցերը։

Նրա խոսքով՝ ներկա ձեւակերպմամբ  դատարանի արգելքը անիրականալի է. «Դրանից բացի, մենք խնդրում ենք դատարանին թույլ տալ շփվել մամուլի հետ»,–հավելել է պաշտպանը։

Ավելի վաղ Քննչական կոմիտեն հայտնել էր, որ հուլիսի 27-ին Մոսկվայի Ալտուֆեւյան փողոցի մուտքում 57-ամյա տղամարդու դի է հայտնաբերվել։ Հետաքննության տվյալներով՝ նրան սպանել էին իր 3 դուստրերը։

Ավելի վաղ Մոսկվայի Բասմանյան դատարանը փոխել է իրենց հոր սպանության մեջ մեղադրվող Խաչատրյան երեք քույրերի խափանման միջոցը։ Քույրերը պետք է ապրեն առանձին բնակարաններում։ Դատարանի որոշման համաձայն՝ մեղադրյալներին արգելվում է գիշերային ժամերին լքել բնակության վայրը, շփվել որեւէ մեկի հետ՝ բացի քննիչից եւ մոտ հարազատներից, օգտագործել համացանց, բջջային կապ, շփվել միմյանց հետ։