«Հայկական ժամանակ» օրաթերթի գլխավոր խմբագիր Նիկոլ Փաշինյանի պաշտպանները Հատուկ քննչական ծառայությունից պահանջել են կարճել իրենց պաշտպանյալի նկատմամբ հարուցված քր.գործը եւ ազատ արձակել նրան: Պաշտպաններ Լուսինե Սահակյանն ու Երվանդ Վարոսյանը նախօրեին ավարտել են քր.գործի նյութերի ծանոթացումը, եւ հայտարարել թե քր.գործի նյութերն ապացուցում են, որ Փաշինյանը քրեորեն հետապնդելի որեւէ արարք չի կատարել:

Պաշտպանները նաեւ քննչական խմբից պահանջել են հստակեցնել իրենց պաշտպանյալին առաջադրված մեղադրանքը, քանի որ պարզ չէ, թե ինչում է մեղադրվում ընդդիմադիր գործիչը:

Հիշեցնենք, որ հատուկ քննչական ծառայությունն ավարտել է «Հայկական ժամանակ» թերթի գլխավոր խմբագրի դեմ հարուցված քր.գործի հետաքննությունը: Նրան մեղադրանք է առաջարդվել 225 հոդվածի 1-ին (Զանգվածային անկարգությունների կազմակերպում) եւ 316 հոդվածի 1-ին (Բռնություն իշխանության ներկայացուցչի նկատմամբ) հոդվածներով: Փաշինյանը 2008թ. մարտի 2-ից գտնվում էր ընդհատակում եւ 2009թ. հուլիսի 1-ին ինքնակամ ներկայացել է իրավապահներին: