Հայաստանում ԱՄՆ ֆինանսական աջակցությամբ ստեղծված բիոլաբորատորիաներ  ռուս մասնագետների մուտքը թույլատրելը ոչ թե վարչապետ Նիկոլ Փաշինյանի վրիպակն էր, այլ  հատուկ վտանագավոր վարակների ուսումնասիրմամբ զբաղվող համապատասխան մարմինների։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 2–ին լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՍԱՊԾ առաջին պետ, միջազգային փորձագետ Գրիգոր Գրիգորյանը:

Ըստ նրա՝  խոսքը առողջապահության և գյուղատնտեսության նախարարությունների համապատասխան ստորաբաժանումների մասին է։

«Այդ լիազոր մարմիններն առ այսօր չեն տիրապետում, թե այդ ոլորտում ի՞նչ հետազոտություններ են կատարվում, ինչու՞ են կատարվում և ինչ մեթոդներով»,–ասաց նա։

 Նրա խոսքով՝ վարչապետի՝ բիոլաբորատորիաների վերաբերյալ ունեցած ինֆորմացիան և այն, ինչով անհանգստացած են ռուս մասնագետները, տարբերվում են իրարից.

«Ինձ թվում է վարչապետն այդ ինֆորմացիային այնքան էլ լավ չի տիրապետում։ Մեր ունեցած տեղեկություններով՝ ռուս մասնագետների թվում եղել են մանրէաբաններ, ովքեր ուսումնասիրություններ են անցկացրել, բայց դա  չի եղել զուտ, որպես գնահատում։ Մեր գործընկերները հետաքրքրված են կենսաբանական զենք հանդիսացող հարուցիչների հնարավոր օգտագործման մեթոդներով»,–ասաց նա և հավելեց, որ այդ լաբորատորիաներով հետաքրքրված է նաև պարսկական կողմը։

«Պարսկաստանն էլ է հետաքրքրված այդ լաբորատորիաներով, նրանք էլ են պահանջելու մուտք այդ լաբորատորիաներ»,–նշեց նա։

 Գրիգորյանի խոսքով՝ պետք է պարզել, թե ռուս մասնագետները ի՞նչ տիպի հետազոտություններ են արել, արդյոք դրանք չե՞ն հակասում «Կենսաբանական զենքի» կոնվենցիային, որին Հայաստանը ևս միացել է։

Նա նշեց, որ այդ կոնվենցիայով Հայաստանը պարտավորություններ ունի՝ չանել  ոչ մի գործողությունն՝ ուղղված կենսաբանական զենքի հարուցիչների աճեցմանը, պահպանմանը, տարածմանը և այլն։

«Այդ ռուս մասնագետների գալն  այստեղ ոչինչ չի տա, նրանք այստեղ ոչինչ չեն գտնի, եթե անգամ ցանկանան, նրանք այստեղ  չեն գտնի կենսաբանական զենքի արտադրման կարողություններ և որպեսզի մեր գործընկերներին ապացուցենք,  որ մենք կենսաբանական զենք չենք արտադրում, հարկավոր է բոլոր լաբորատորիաներում համապարփակ գնահատում կազմակերպել»,–ասաց նա։

Փորձագետի գնահատմամբ՝  այս ոլորտը մեր երկրում թերի է ուսումնասիրված, իսկ մոտ վերահսկողությունը՝ շատ թույլ։

Այս ոլորտի նկատմամբ հսկողությունն ըստ բանախոսի՝ պետք է առաջին հերթին իրականացնի Ազգայինն անվտանգության ծառայությունը, բայց քանի որ ոլորտը շատ յուրահատուկ  է, պետք է վերահսկողներն ու ուսումնասիրողները ևս պետք մասնագիտացված լինեն։

 «Պետք է հաշվի առնել, որ սա ազգային անվտանգության խնդիր է, ինչին չի կարելի մոտենալ սիրողական մակարդակով, այսինքն այս ոլորտում ուսումնասիրություններ պետք է կատարեն հենց ԱԱԾ–ի մասնագետները»,–նշեց նա։

Հարցին, թե նախկինում օտարերկրյա մասնագետները կարողացե՞լ են անարգել մուտք գործել հայաստանյան բիոլաբորատորիաներ և ուսումնասիրություններ կատարել, փորձագետը պատասխանեց.

«Ռուս և ամերիկացի գործընկերներ հետ Հայաստանի լիազոր մարմինները համագործակցում են, սակայն պահանջով, թե մտնեն՝ տեսնեն, արդյոք մեզ մոտ կենսաբանական զենք արտադրվում է, թե՞՝ ոչ,  ես չեմ լսել երբեք։ Ասում են եկել՝ գնահատել են, եթե դա այդպես լիներ, ապա զեկույց կհրապարակվեր, ինչը չի եղել»,–ասաց նա։

Գրիգորյանի խոսքով՝ սխալ է նաև հայտարարելը, թե այդ լաբորատորիաները բաց են հանրության համար։

«Լաբորատորիան, որը զբաղվում է հատուկ վտանգավոր հիվանդություններով չի կարող և չպետք է բաց լինի հանրության համար, դա իրենից արդեն իսկ վտանգ է ներկայացնում»,–նշեց նա։

Ըստ բանախոսի՝ Հայաստանի կենսաբանական  պաշտպանության մակարդակը շատ ցածր մակարդակում է։

«Մենք ունենք որոշակի արձագանքման մեխանիզմներ, օրինակ հիվանդության բռնկման դեպքում բժիշկներն արձագանքում են, պատվաստում իրականացնում և այլն, սակայն մենք չունենք հայկական ազգային համակարգ, որը համապատասխան համապատասխան ինֆորմացիա կհավաքագրի՝ ելնելով մեր ազգային շահերից»,–շնշեց նա։

Հիշեցնենք, որ 2018 թ. սեպտեմբերի 9–ին  «Коммерсант» թերթում  հրապարակված հարցազրույցում  ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ասել է, որ իր հանձնարարությամբ են ռուս մասնագետներին թույլ տվել մուտք գործել այդ լաբորատորիաներ։ Ընդ որում՝ նա ընդգծել է, որ Ռուսաստանից փորձագետները «երբեք մուտքի խնդիր չեն ունեցել և չեն ունենա այն պահից ի վեր, երբ նա դարձել է Հայաստանի վարչապետ»:

Ավելի ուշ ԱԳՆ մամուլի խոսնակ Տիգրան Բալայանը հայտարարել է, որ ռուսաստանցի փորձագետներն այցելել են այդ լաբորատորիաներ սկասած 2017–ից։