«Եվրատեսիլ» մրցույթի կազմակերպիչ European Broadcasting Union (EBU) ընկերությունը նախօրեին քննարկել է Ադրբեջանին պատժելու հարցը՝ այդ երկրին արգելելով երեք տարի մասնակցել «Եվրատեսիլին», սակայն որոշել է չկիրառել պատժամիջոցներ: Այնուամենայնիվ, ընկերությունը որոշել է նման պատժամիջոց կիրառել ցանկացած երկրի նկատմամբ, որին կմերկացնեն քվեարկողների գաղտնիության բացահայտման մեջ:

Ինչպես հաղորդում է BBC-ն, մրցույթի կազմակերպիչները նաեւ որոշել են փոխել մրցույթի կանոնները՝ Ադրբեջանի պատճառով: Համապատասխան հայտարարությունը տարածվել է սեպտեմբերի 17-ին: Համաձայն նոր կանոնների՝ քվեարկողների մասին տեղեկությունների գաղտանզերծման համար պատասխանատվություն է կրում կոնկրետ հեռուստաընկերությունը, իսկ առաջ դրա համար պատասխանատվություն էին կրում հեռահաղորդակցության ընկերությունները:

Հիշեցնենք, որ Ադրբեջանի ազգային անվտանգության նախարարություն էին կանչվել այն 43 քաղաքացիները, որոնք համարձակվել էին մրցույթի ժամանակ իրենց ձայնը տալ Հայաստանի երգի օգտին: Տեղեկությունները ԱԱՆ-ին էր տրամադրել ադրբեջանական Azercell բջջային կապի ընկերությունը: