Հավաքական անվտանգության պայմանագրի կազմակերպության անդամ պետությունները շարունակում են կազմակերպության գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին փոխարինելու հարցով ինտենսիվ խորհրդակցությունները, որոշումը պետք է բոլորի համար ընդունելի լինի, «ՌԻԱ Նովոստի»-ին ասել է Ղազախստանի ԱԳ նախարար Կայրաթ Աբդրահմանովը:

«Ինտենսիվ խորհրդակցությունները շարունակվում են ինչպես ՀԱՊԿ անդամ պետությունների մայրաքաղաքներում, այնպես էլ ՀԱՊԿ մշտական խորհրդի մակարդակով կենտրոնակայանում: Համոզված ենք, որ կգտնվի բոլոր կողմերի համար փոխընդունելի մեր կազմակերպության կանոնադրությանը համապատասխան որոշում»,- ասել է Աբդրահմանովը:

Նա նշել է, որ «այս ուղղությամբ քրտնաջան եւ ինտենսիվ աշխատանքը նախատեսում է ինչպես ՀԱՊԿ քարտուղարության, այնպես էլ ամբողջ կազմակերպության նորմալ գործառնության համար որեւէ հետեւանքից խուսափում»:

«Վստահ եմ, որ այս իրավիճակը ոչ մի բացասական հետեւանք չի ունենա ՀԱՊԿ լիածավալ գործունեության համար: Խորհրդակցությունների, բանակցությունների գործընթաց է գնում, ինչը հատուկ է ցանկացած կազմակերպության քարտուղարության ղեկավարությանը փոխելու ժամանակ»,- եզրափակել է նա:

Հիշեցնենք, որ Հայաստանում ՀԱՊԿ գլխավոր քարտուղար Յուրի Խաչատուրովին սահմանադրական կարգի տապալման մեղադրանք է առաջադրված 2008 թվականի մարտի 1-ի բողոքի ցույցերի ցրման քրեական գործի շրջանակում: Խաչատուրովին դատարանն ազատ է արձակել գրավով: Հայաստանը ՀԱՊԿ երկրներին առաջարկել է սկսել կազմակերպության գլխավոր քարտուղարին փոխելու գործընթաց: