Սեպտեմբերի 27-ին Արցախի Տիգրանակերտի թանգարանի ցուցադրությունից անհետացած Անտիկ դամբարանադաշտի կարասային թաղման 2010 թ. պեղումներից հայտնաբերված Միհրդատ Երրորդ պարթևի (մ. թ. ա. 57-54 թթ.) արծաթյա դրամը դեռ չի հայտնաբերվել: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց պատմաբան, Տիգրանակերտի արշավախմբի ղեկավար Համլետ Պետրոսյանը:
«Արծաթյա դրամը ցուցադրության ժամանակ վերցրել են, հիմա գործով զբաղվում է ոստիկանությունը: Մետաղադամը շատ մեծ արժեք ունի, որովհետեւ գտնվել է Տիգրանակերտում, գտնվել է պեղումների ժամանակ, այն դրված է եղել հանգուցյալի բերանին, այսինքն՝ էդ տեսակետից թանկ էր, իսկ սեւ շուկայում, ասում են՝ մինչեւ մի 100 դոլար կարժենա: Բայց մետաղադրամը շատ լավ պահպանված նմուշ էր, դրոշմը շատ հստակ էր, շատ եզակի տիպ էր»,-ասաց Համլետ Պետրոսյանը:
Պատմաբանը նշեց, որ ամբողջ պեղումների ընթացքում ընդամենը 7 մետաղադրամ են գտել եւ հուսով են, որ գողացված մետաղադրամն անպայման կհայտնաբերվի:
«Սա շատ տխուր միջադեպ է իրականում, այն պետք է զգոնացնի մշակույթի նախարարությանը, որ ցուցափեղկերի վրա ազդանշանային համակարգ դնեն կամ անվտանգության այլ միջոցներ կիրառեն, հարկավոր է ավելի ուշադիր լինել»,- հավելեց նա:




























