ՀՀ տրանսպորտի, կապի եւ տեղեկատվական տեխնոլոգիաների փոխնախարարի պաշտոնակատար Արմեն Փամբուխչյանը հոկտեմբերի 5-ին մասնակցել է Երեւանում մեկնարկած Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ավտոմոբիլային փոխադրումների միության (BSEC – URTA) գլխավոր ասամբլեայի 34-րդ համաժողովի բացման հանդիսավոր արարողությանը։
Նախարարությունից NEWS.am-ին հայտնում են, որ ողջունելով համաժողովի մասնակիցներին եւ կարեւորելով ներկայացուցչական նման համաժողովի անցկացումը Հայաստանում՝ իր ելույթում Փամբուխչյանն անդրադարձել է այն կարեւոր դերակատարությանը, որն ունի Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպության ավտոմոբիլային փոխադրումների միությունը միջազգային բեռնափոխադրումների զարգացման բնագավառում։
«Հայաստանի՝ դեպի ծով ելք չունեցող երկրի համար, անչափ կարեւոր է ՍԾՏՀ-ին լիարժեք մասնակցությունը։ Այն օգնում է, որպեսզի միջազգային բեռնափոխադրումների հետ կապված հարցերում բազմաթիվ խնդիրներ լուծում ստանան։ Բացի այդ, ոչ պակաս ներդրում ունենալ երկրի տնտեսության զարգացման գործում»,- ասել է Արմեն Փամբուխչյանը:
Սեւծովյան տնտեսական համագործակցության կազմակերպությունը հիմնադրվել է 1992թ. հունիսի 25-ին տասնմեկ երկրների (Ալբանիա, Հայաստանի Հանրապետություն, Բուլղարիայի Հանրապետություն, Վրաստան, Հունաստան, Մոլդովա, Ռումինիա, Ռուսաստանի Դաշնություն, Թուրքիայի Հանրապետություն, Ուկրաինա, Ադրբեջանի Հանրապետություն) ղեկավարների եւ կառավարությունների ղեկավարների կողմից գագաթաժողովի հռչակագրով: 2004թ-ից, որպես անդամ պետություն, կազմակերպությանը միացել է նաեւ Սերբիայի Հանրապետությունը։



























