Հաջորդ  տարվանից զինված ուժերի զինծառայողները կկրեն ժամանակակից ճտքավոր կոշիկներ։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում ասաց ՀՀ ԶՈՒ թիկունքի վարչության իրային ծառայության պետ, գնդապետ Վահան Պապյանը։

Նրա խոսքով՝ ճտքավոր կոշիկները կլինեն ձուլման մեթոդով ամրացված տակացուներով, օրթոպետիկ ներդիրներով, որպեսզի դաշտային պայմաններում ավելի հարմարավետ լինեն զինծառայողների համար։

Նա նշեց, որ մեկ ամսից էլ ԶՈւ–ն ձեռք կբերի ավելի բարձր որակի շապիկներ և կիսավարտիքներ։

«Մենք նախատեսում ենք նաև արտադրական նշանակության լվացքի մեքենաներ  ձեռք բերել, որոնցով կփորձենք Զինված ուժերում կազմակերպել զինծառայողների  ներքնաշորերի անհատական լվացումը»,– նշեց նա։

Իրային ծառայության պետը խորհուրդ տվեց զինծառայողներին համազգեստի մաշվածությունից վատ չզգալ։ Ըստ նրա՝ համազագեստի համար ներկայացվող պահանջներից մեկը հենց մաշվածություն է. «Եթե համազգեստը չի մաշվում, նշանակում է  գործվածքի մեջ բամբակ չկա, սինթեթիկ է։ Եթե ուսումնասիրեք տարբեր երկրների բանակների դաշտային համազգետները, կտեսնեք, որ դա նորմալ է։ Օրինակ, ԱՄՆ–ում անգամ տենդենց կա՝ որքան համազգեստը մաշված է, այնքան այդ զինծառայողն առավելություն ունի, իրեն ավելի հարգալից են վերաբերվում. համազգեստը պետք է պարտադիր մաշվի։ Պետք չէ վատ զգալ, ընդամենը պետք է զինծառայողների հոգեբանությունը փոխենք. մարտական իրավիճակում, մարտի դաշտում կրվող համազգեստը չի կարող  չմաշվել»։