Ազգային ժողովի նախկին պատգամավոր Հարություն Ղարագյոզյանի՝ «Կարամելի Հարութի» ինքնասպանության դեպքի առթիվ քրեական գործ է հարուցվել։ Այս մասին հայտնում են ՀՀ քննչական կոմիտեից։

Այսօր՝ հոկտեմբերի 7-ին, առավոտյան Կոտայքի մարզի Զովունի գյուղի տարածքում գտնվող քարի արտադրամասում հայտնաբերվել է Հարություն Ղարագյոզյանի դին՝ գլխին հրազենային վնասվածքով։

Դեպքի առթիվ հարուցվել է քրեական գործ՝ ՀՀ քրեական օրենսգրքի 110-րդ հոդվածի 1-ին մասով, այն է՝ ինքնասպանության հասցնելը:

Անմիջապես դեպքի վայր է մեկնել քննչական-օպերատիվ խումբը: Կատարվել է դեպքի վայրի զննություն:

Քրեական գործի համար էական նշանակություն ունեցող հանգամանքները պարզելու նպատակով նշանակվել են փորձաքննություններ:

Ձեռնարկվում են անհրաժեշտ քննչական գործողություններ՝ դեպքի բազմակողմանի, լրիվ և օբյեկտիվ հետազոտումն ապահովելու ուղղությամբ:

Նախաքննությունը շարունակվում է:

Նշենք, որ Ղարագյոզյանը կասկածվում է ԱԺ նախկին պատգամավոր Կարո Կարապետյանի սպանությունը կատարելու մեջ:

'