Հռոմի Պապ Ֆրանցիսկոսը հայտարարել է, որ սատանան ողջ-առողջ է եւ աշխատում է անընդհատ, որպեսզի բաժանի Հռոմի կաթոլիկ եկեղեցին՝ տեղեկացնում է Reuters-ը։
Նա ամբողջ աշխարհի կաթոլիկներին կոչ է արել ամեն շաբաթ հատուկ աղոթք կարդալ՝ սատանային հաղթելու համար։ Նա նշել է, որ Եկեղեցին պետք է փրկել «մեծ մեղադրողի հարձակումներից, եւ միաժամանակ, Եկեղեցուն պետք է ընդունել ներկայում եւ անցյալում կատարած իր մեղքերը, սխալները եւ չարաշահումները»։
Պոնտիֆիկը ավելի վաղ նշել էր, թե համարում է, որ սատանան իրական է։ «Մենք սատանայի մասին չպետք է մտածենք ինչպես առասպելի, երեւակայության, խորհրդանիշի, խոսելաձեւի կամ գաղափարի մասին։ Այդ սխալը մեզ կհասցնի նրան, որ մենք կդառնանք անհոգ եւ ավելի խոցելի»,- գրել էր նա ապրիլին իր հրապարակած փաստաթղթում։
Նշենք, որ Հռոմի կաթոլիկ եկեղեցին դժվար ժամանակներ է ապրում՝ կապված երեխաների հանդեպ սեռական ոտնձգությունների մի շարք աղմկահարույց գործերի հետ։ Միաժամանակ, հետզհետե խորանում է Եկեղեցում պահպանողականների եւ լիբերալների բեւեռացումը։




























