ՀՀ 2–րդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի որդին՝ Սեդրակ Քոչարյանը, նախօրեին կրկին հայց է ներկայացրել դատարան՝ ընդդեմ ԱԱԾ տնօրեն Արթուր Վանեցյանի։ Այս մասին NEWS.am–ը տեղեկացավ Դատական տեղեկատվական համակարգից։

Հոկտեմբերի 1–ին Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանի դատավոր Աիդա Դավթյանը որոշել է հայցադիմումը վերադարձնել հայցվորի կողմից թույլ տրված խախտումները վերացնելու և կրկին դատարան դիմելու համար։ Հոկտեմբերի 8–ին Քոչարյանի որդին կրկին հայց է ներկայացրել դատարան։

Հիշեցնենք, որ Ռոբերտ Քոչարյանի որդին հայց էր ներկայացրել Վանեցյանի դեմ՝ պահանջելով զրպարտության դիմաց փոխհատուցում եւ հրապարակայնորեն հերքում, սակայն չհաջողվեց պարզել՝ թե ինչ հերքման մասին է խոսքը:

Հատկանշական է, որ դրանից օրեր առաջ ԱԱԾ տնօրենը որոշ խմբագրումներ է արել ավելի վաղ Ռոբերտ Քոչարյանի վերաբերյալ արված հայտարարություններում՝ դրանք ներկայացնելով որպես արագ խոսելու հետեւանք:

«Ես միայն մի ճշտում եմ ուզում անել. մամուլի ասուլիսի ժամանակ ես հայտարարեցի վեց միլիոն կաշառքի մասին: Դա մի քիչ արագ խոսելու արդյունք էր: Ոչ թե կաշառք, այլ հանցավոր ճանապարհով ձեռք բերված գումարների արդյունքում գնում է կատարված»,- հայտարարել էր Վանեցյանը: Նշենք, որ խոսքը Ռոբերտ Քոչարյանի կողմից, ըստ ԱԱԾ ղեկավարի հայտարարության, 6 միլիոն կաշառքով հյուրանոց ձեռք բերելու մասին է, որի մասին նա Արթուր Վանեցյանն ասել էր սկանդալային հեռախոսազրույցի հրապարակումից հետո ՀՔԾ պետի հետ հրավիրած ասուլիսում: