Singapore Airlines ընկերության աշխարհի ամենաերկար ավիաչվերթը, որը Սինգապուրը միացնում է Նյու Յորքին, չի նախատեսում էկոնոմ-դասի տեղեր՝ տեղեկացնում է Bloomberg-ը։
Գործակալության տվյալներով՝ չվերթները կիրականացնեն Airbus ինքնաթիռների A350-900 մոդելները, որոնք կվերասարքավորվեն՝ դառնալով ուղեւորների համար առավել հարմարավետ։ Հայտնի է, որ նախատեսված է ընդամենը 161 տեղ՝ այն դեպքում երբ նույն մոդելի այլ ինքնաթիռներ 253 ուղեւոր են տեղավորում։ Ընդ որում՝ բիզնես-դասը կունենա 67 նստատեղ, որոնց մեջքը կբացվի մինչեւ հորիզոնական դիրք։ 94 տեղ կլինի «պրեմիում էկոնոմ-դասի»՝ մեջքի 20 սմ թեքությամբ։
Բացի այդ, ուղեւորներին չվերթի ընթացքում կառաջարկվեն ուտեստներ, որոնք, գիտնականների կարծիքով, կօգնեն հաղթահարել երկար թռիչքը։ Նշվում է, որ բիզնես-դասի տեղերի գնի մեջ ներառված է 30 մեգաբայթ անվճար Wi-Fi հասանելիություն։
Bloomberg-ը տեղեկացրել է, որ 18 ժամ 45 րոպե տեւողությամբ առաջին չվերթը կիրականացվի հոկտեմբերի 11-ին։ Սինգապուրից Նյու Յորք հեռավորությունը 16737 կմ է։
Ներկայում ամենաերկար չվերթները Qatar Airways-ինն են, որը 2017թ․ իրականացրել է Դոհայի եւ Օքլենդի միջեւ 14535 կմ-ոց առաջին չվերթը։




























