Բանտում իր պատիժը կրող ադրբեջանցի բանկիրի կինը կոռուպցիայի դեմ պայքարում բրիտանական իշխանությունների նոր մեխանիզմի «զոհն» է դարձել։

Ադրբեջանի միջազգային բանկի նախկին նախագահ Ջահանգիր Գաջիեւի կինը՝ Զամիրա Գաջիեւան, ավելի քան 16 մլն ֆունտ սթեռլինգ է ծախսել լոնդոնյան Harrods հանրախանութում։

Անցյալ շաբաթ դատարանը մերժել էր կնոջ 22 միլիոն ֆունտ արժողությամբ իր երկու անշարժ գույքի առգրավման կասեցման հայցը։ Որպես առգրավման հիմնավորում՝ նշվում է անբացատրելի հարստությունը՝ տեղեկացնում է Reuters-ը։

Նոր մեխանիզմի համաձայն՝ Գաջիեւ ամուսինները պետք է բացատրեն, թե ինչպես են կարողացել իրենց թույլ տալ նման տների գնումը։ Գերագույն դատարանը որոշել է, որ կամ պետք է բացատրեն փողի աղբյուրը, կամ կկորցնեն սեփականությունը։

BBC-ն հաղորդում է, որ Գաջիեւան շատ խոշոր գումարներ է ծախսում։ Մի անգամ նա 150 հազար ֆունտ է ծախսել մեկ օրվա ընթացքում։

Զույգը չի ընդունում իր մեղքը եւ համարում է, որ իրենք «անարդար վերաբերմունքի» զոհ են դարձել։