Հռոմի Պապ Ֆրանցիսկոսն ընդունել է Վաշինգտոնի արքեպիսկոպոսի պաշտոնից ամերիկացի կարդինալ Դոնալդ Վյուրլի հրաժարականը։ Հինգշաբթի այս մասին հայտնել է Սուրբ գահի մամուլի ծառայությունը՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Եկեղեցու հայտնի սպասավորի անունը մեկ անգամ չէ, որ նշվել է ամերիկյան հոգեւոր հաստատություններում մանկապղծության հետ կապված հետաքննություններում, որն իրականացնում է Փենսիլվանիայի Մեծ ժյուրին։Վյուրլը 1988-2006թթ․ եղել է այս նահանգի մեծությամբ երկրորդ քաղաք Պիտսբուրգի եպիսկոպոսը։ Վկաների ցուցմունքներով՝ զբաղեցնելով եպիսկոպոսի պաշտոնը՝ նա թաքցրել է մանկապղծություն եւ սեռական ոտնձգություններ իրականացրած հոգեւորականների մեղքը։

Մեծ ժյուրիի կողմից հրատարակված 1300 էջանոց զեկույցում ասվում է, որ մոտ 70 տարիների ընթացքում երեխաների դեմ սեռական հանցագործություններին մասնակից են եղել ավելի քան 300 հոգեւորականներ եւ եկեղեցու ծառայողներ։ Նրանց զոհն է դարձել ավելի քան 1000 մարդ։ Ցավոք, այս հանցագործությունների մեծ մասի վաղեմության ժամկետն արդեն անցել է։