ԱՄՆ նախկին պետքարտուղար եւ նախագահի նախկին թեկնածու Հիլարի Քլինթոնն այլեւս գաղտնի տեղեկություններին հասանելիություն չունի, հայտնում է ՏԱՍՍ-ը՝ վկայակոչելով ԱՄՆ Պետքարտուղարության հայտարարությունը:
Ուրբաթ հրապարակված հայտարարության մեջ նշված է, որ նախկին առաջին տիկինն ինքն է Սենատի իրավաբանական կոմիտեին խնդրել գաղտնի տեղեկություններին իր հասանելիությունը հետ կանչել:
«Նախկին պետքարտուղար Քլինթոնի խնդրանքով գաղտնի տեղեկություններին նրա հասանելիությունը հետ է կանչվել 2018 թվականի օգոստոսի 30-ին: Սեպտեմբերի 20-ին հետ է կանչվել (Քլինթոնի օգնական) Շերիլ Մայլզի հասանելիությունը գաղտնի տեղեկություններին»,- նշված է մամուլի հաղորդագրության մեջ: Հետ է կանչվել նաեւ եւս 4 մարդու հասանելիությունը, որոնք աշխատել են Քլինթոնի հետ, սակայն փաստաթղթում նրանց անձնական տվյալները սեւ գույնով ջնջված են՝ գաղտնիության նկատառումներից ելնելով:
Նախկին պետքարտուղարի հասանելիությունը գաղտնի տեղեկություններին ուշադրության կենտրոնում էր հայտնվել, երբ 2015 թվականին բռնկվել էր «փոստային սկանդալը»: ՀԴԲ-ն տեղեկացել էր, որ Քլինթոնը անձնական էլեկտրոնային փոստն օգտագործել էր ծառայողական նպատակներով: Ավելի ուշ նա արտաքին քաղաքականության գերատեսչությանն էր փոխանցել իր ամբողջ աշխատանքային նամակագրությունը (55 հազար նամակ), իսկ անձնականը (30 հազարից ավելի նամակ) ջնջել էր, ինչի համար խիստ քննադատության էր ենթարկվել:
Ավելի վաղ ԱՄՆ նախագահի մամուլի քարտուղար Սառա Սանդերսը հայտնել էր, որ Դոնալդ Թրամփը ցանկանում է հնարավորություն ստանալ հետ կանչելու նախկին վարչակազմերի աշխատակիցների հասանելիությունը գաղտնի տեղեկություններին, քանի որ որոշ նախկին պաշտոնյաներ դրանով փող են վաստակում, ինչպես նաեւ տեղեկությունները քաղաքականացնում են՝ օգտագործելով նախագահին քննադատելու համար:




























