Հայաստանը գործընկերներին կոչ է անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինության մրցավազքին եւ անկայունությանը: Այս մասին հոկտեմբերի 24-ին ճեպազրույցում նշեց ԱԳՆ մամուլի քարտուղար Աննա Նաղդալյանը:

Ի պատասխան Իտալիայի կողմից Ադրբեջանին զենքի վաճառքի վերաբերյալ հարցին՝ նա նշեց, որ վստահելի աղբյուրներում նման տեղեկություն չկա: «Ամեն դեպքում, սպառազինության մրցավազքի խնդիրը Հայաստանի օրակարգում է: Մենք գործընկերներին կոչ ենք անում զերծ մնալ այնպիսի գործողություններից, որոնք նպաստում են տարածաշրջանում սպառազինության մրցավազքին եւ անկայունությանը»,- նշեց Նաղդալյանը:

Ինչ վերաբերում է Ադրբեջանին ամերիկյան կողմի ուղղաթիռների վաճառքի մասին տեղեկությանը, ԱԳՆ մամուլի քարտուղարը հայտնեց, որ «մեզ հավաստիացրել են, որ դրանք քաղաքացիական ուղղաթիռներ են եւ չեն կարող ռազմական նպատակներով օգտագործվել»: