Հայաստանի տնտեսությունը պետք է միտված լինի արտահանմանը, երկիրը պետք է կարողանա զբոսաշրջիկների մեծ հոսք ապահովել: Այս մասին Ազգային ժողովի հատուկ նիստում վարչապետի ընտրության հետ կապված քննարկումների ժամանակ հայտարարել է վարչապետի պաշտոնակատար Նիկոլ Փաշինյանը։
Նրա խոսքերով՝ մենաշնորհները Հայաստանում իմաստ չունեն, քանի որ հանրապետությունն ու նրա շուկան փոքր են։
«Մենք չպետք է մտածենք, թե ներքին շուկան ոնց բաժանենք, որ ում ինչ հասնի: Մենք պետք է մտածենք, թե ինչպես անել, որ մեր տնտեսությունը միտված լինի արտահանմանը: Մենք պետք է մտածենք այնպիսի արտադրանք տալու մասին, որ կարողանանք արտահանել։ Դրանից բացի, կարողանանք տուրիստների մեծ հոսք ապահովել: Մեր տնտեսությունը պետք է լինի արտահանմանը միտված»,- պարզաբանել է նա։
Փաշինյանն անդրադարձել է նաեւ աղքատության խնդրին՝ հայտարարելով, որ դրա լուծման ամենաարդյունավետ ձեւը աշխատանքի խրախուսումն է՝ ընդ որում, նա հավելել է, որ իր այցելած բոլոր գործարանների ղեկավարներն ասել են, թե թափուր տեղեր ունեն, որոնք չեն կարողանում լրացնել։
«Մենք երկար տարիներ խրախուսել ենք գործազրկությունը, դա քաղաքական որոշ ենթատեքստ է ունեցել»,- ընդգծել է կառավարության ղեկավարը։




























