Հարուստ չինացիների ունեցվածքի՝ մինչեւ ռեկորդային ցուցանիշների աճման ֆոնին Չինաստանում անցյալ տարի ամեն շաբաթ երկու միլիարդատեր էր հայտնվում: Այս մասին հայտնել են շվեյցարական բանկային հսկա UBS-ն եւ PwC աուդիտորները, հաղորդում է AFP-ն:
2017-ին միլիարդատերերի ունեցվածքն ավելացել էր 19 տոկոսով՝ հասնելով 8,9 տրիլիոն դոլարի: Ընդ որում խոսքը 2158 մարդու մասին է, նշվում է զեկույցում: Սակայն չինացի միլարդատերերն իրենց կարողությունը երկու անգամ ավելի արագ են ավելացրել՝ 39 տոկոսով, մինչեւ 1,12 տրիլիոն դոլար:
«Վերջին տասնամյակում Չինաստանի միլիարդատերերը ստեղծել են աշխարհի ամենախոշոր եւ ամենահաջողակ ընկերություններից մեկը` բարձրացնելով կենսամակարդակը», - ասել է UBS Global Wealth Management-ի Ultra High Net Worth բաժնի ղեկավար Յոզեֆ Շտադլերը:
«Բայս սա միայն սկիզբն է: Չինաստանի բնակչության թվաքանակը, տեխնոլոգիական նորարարությունները եւ արտադրողականության աճը պետական աջակցության համակցությամբ մարդկանց համար աննախադեպ հնարավորություններ են ներկայացնում ոչ միայն բիզնեսի ստեղծման, այլեւ մարդկանց կյանքն ավելի լավը դարձնելու համար»:
Զեկույցում նշվում է, որ 2017 թվականին Չինաստանը շաբաթական երկու նոր միլիարդատեր է «արտադրել», մինչդեռ Ասիան շաբաթական «արտադրել է» ավելի քան երեք միլիարդատեր:
Ուսումնասիրությունը նաեւ կանխատեսում է, որ ԱՄՆ-ի եւ Չինաստանի տնտեսական աճն ավելի ցածր կլինի երկու երկրների միջեւ առեւտրային պատերազմի սրացման դեպքում:




























