Լիբանանի հայկական Բուրջ Համուդում փոթորկի հետևանքով զոհված 27-ամյա Հարութ Հուսիկյանը վարսահարդար էր, «շրջապատում հարգված և սիրված մարդ»։ Այս մասին NEWS.am–ի հետ զրույցում պատմեցին լիբանանահայ երիտասարդի հարազատները։

Նրանց խոսքով՝  ուժեղ քամու ժամանակ, Հարութը  բարձրացել է շենքի 9–րդ հարկում գտնվող իր բնակարանի պատշգամբ, որպեսզի ամրացնի և փակի վարագույրները, սակայն սայթաքել ու վայր է ընկել։

NEWS.am–ի հետ զրույցում զոհված երիտասարդի հայրը՝ Ռաֆայել Հուսիկյանը, հայտնեց, որ որդու երազանքն էր գալ և մշտական բնակություն հաստատել Հայաստանում։

«Ես իր երազը պիտի իրականացնեմ, ես պիտի գամ, Աստծո հրամանով հայրենիքում ինչ–որ պետք է անեմ»,–ասաց նա։

Հիշեցնենք, որ 27–ամյա Հարութ Հուսիկյանը զոհվել է երեկ՝ հայկական Բուրջ Համուդ թաղամասում։

Հիշեցնենք, որ հոկտեմբերի 25–ին Լիբանանի տարբեր շրջաններում  հորդացած ուժեղ անձրեւի եւ կարկուտի հետեւանքով վնասվել են շենքեր, պոկվել էլեկտրասյուներ։ Տեղումների  հետեւանքով տուժել են բազմաթիվ քաղաքացիներ։  Հեղեղումների հետեւանքով ջրով են ողողվել նաեւ Այնջարի հայկական թաղամասերն ու եկեղեցին։