Սաուդցի սպանված լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացուն՝ Խատիջե Ջենգիզը, հայտարարել է, որ չի ընդունի Սպիտակ տուն այցելելու ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հրավերը, քանի դեռ ԱՄՆ-ի դիրքորոշումն այդ հարցի շուրջ անկեղծ չէ՝ տեղեկացնում է ՌԻԱ Նովոստին։

Ավելի վաղ Թրամփը հայտարարել էր, որ Խաշոգջիի հարսնացուին հրավիրել է Սպիտակ տուն։

«Պահանջում եմ, որ բոլորը, ովքեր մասնակից են այդ վայրենի սպանությանը՝ վերեւից ներքեւ, պատասխանատվության ենթարկվեն։ Ես չեմ ընդունել Սպիտակ տուն այցելելու ԱՄՆ նախագահի հրավերը, քանի որ այն ուղղված է հասարակական կարծիքն իր կողմը շրջելուն։ Չեմ գնա Սպիտակ տուն, քանի դեռ ԱՄՆ-ը անկեղծ չէ Ջամալ Խաշոգջիի սպանության գործով իր որոշումներում»,- Habertürk հեռուստաընկերությանը տված հարցազրույցում ասել է Ջենգիզը։

Հարսնացուի խոսքերով՝ Խաշոգջին անհանգստացած է եղել հյուպատոսություն գնալուց առաջ, սակայն կարծել է, թե սաուդյան իշխանություններն իրեն չեն ձերբակալի։