Հոկտեմբերի 29-ին ԱԺ «Հանրապետական» խմբակցությունն, ամենայն հավանականությամբ, դեմ կքվեարկի Ընտրական օրենսգրքի բարեփոխումների նախագծին: Այս մասին այսօր՝հոկտեմբերի 27-ին, «Եռաբլուր» զինվորական պանթեոնում լրագրողների հետ զրույցում ասաց ՀՀ արդարադատության նախկին նախարար Դավիթ Հարությունյանը:

«Չի կարելի հընթացս փոխել խաղի կանոնները, հատկապես, եթե հաշվի առնենք, որ դեկտեմբերին ամենայն հավանականությամբ տեղի են ունենալու արտահերթ խորհրդարանական ընտրություններ: Դա պայմանավորված է այն հանգամանքով, որ յուրաքանչյուր քաղաքական ուժ պետք է դրան նախապատրաստվի»,- նշեց նա:

Դավիթ Հարությունյանի կարծիքով՝ բաց համամասնական ցուցակներն անհամեմատ ավելի ժողովրդավարական են եւ ավելի մեծ հեռանկար են բացում Հայաստանի զարգացման համար, քան փակ ցուցակներով ընտրությունների կազմակերպումը:

Վարչապետի հայտարարությանն անդրադառնալլով՝ Դավիթ  Հարությունյանը նշեց, որ նման սցենարները հայտնի են քաղաքականության մեջ. «Ես հասկանում եմ բոլորին անպայման սովորեցնելու գայթակղություն, փորձելու փաթաթել սեփական կարծիքը, սակայն այդ սցենարները հայտնի են քաղաքականության մեջ, հաճախ են օգտագործվում: Վարչապետի ասածը, թերեւս, պետք է հնչեր որպես սպառնալիք: Բանն այն է, որ այսօր էլ Հանրապետական խմբակցության պատգամավորներ ենթարկվում են աննախադեպ ճնշումների, դա է պատճառը, որ շատերը ստորագրում են տարբեր փաստաթղթերի տակ կամ կողմ են քվեարկում մի նախագծի»: