Ռուսաստանը ավելի քան 50 մլն դոլարի վարկ կտրամադրի Կուբային ռուսական ռազմական տեխնիկայի ձեռքբերման համար, հաղորդում է Lenta.Ru-ն` հղում կատարելով «Կոմերսանտին» եւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում երկու աղբյուրներին:

Ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում երկու աղբյուրների խոսքով, համաձայնագրերի համապատասխան փաթեթը կստորագրվի առեւտրատնտեսական եւ գիտատեխնիկական համագործակցության միջկառավարական հանձնաժողովի 16-րդ նիստի շրջանակներում, որը հոկտեմբերի 29-30-ը տեղի կունենա Հավանայում:

 «Այս գումարը բացառապես կուղղվի ռազմատեխնիկական համագործակցությանը: Բացի այս համաձայնագրից, կստորագրվեն նաեւ Ֆինանսների նախարարության գծով մի շարք ընդհանուր տնտեսական փաստաթղթեր եւ համաձայնագրեր, սակայն դրանց համար այլ միջոցներ կուղղվեն», - պարզաբանել է  աղբյուրը:

Արդյունաբերական ոլորտում աղբյուրներից մեկը «Կոմերսանտին» պատմել է, որ հատկացված գումարով Կուբան կարող է զրահատանկային տեխնիկա եւ ավիացիա գնել. ենթադրաբար ՌԴ ՊՆ տնօրինությկան տակ գտնվող ուղղաթիռներ:

Ռուսաստանի եւ Կուբայի միջեւ ռազմատեխնիկական համագործակցության ոլորտում նախորդ վարկային համաձայնագիրը կնքվել էր 2009 թվականին եւ այնուհետեւ երկարաձգվել  երկու անգամ՝ 2010 եւ 2011 թվականներին: 2017 թվականին Հավանան պաշտոնապես դիմել էր Մոսկվային իր սպառազինության տեխնիկայի արդիականացման խնդրանքով: Միեւնույն ժամանակ, «Ռոսոբորոնէքսպորտի» ղեկավար Ալեքսանդր Միխեեւը նշել էր, որ առաջիկայում հնարավոր է ուղղակի առեւտրային գործարքների կնքում կամ վարկի միջոցով աշխատանքների կատարում: