Ռուսաստանի ԱԳՆ-ն կտրուկ արձագանքել է Իրանի նախագահ Մահմուդ Ահմադինեջադի հայտարարությանը, որով վերջինս կրկին կասկածի տակ էր դնում Հոլոքոստի փաստը: «Թեհրանի փորձերը՝ ժխտել Հոլոքոստը, վիրավորում են Երկրորդ համաշխարհային պատերազմի բոլոր զոհերի հիշատակը եւ չեն նպաստում իրանական խնդրում արդյունավետ երկխոսության հաստատմանը»,- հայտարարել է ՌԴ ԱԳՆ ներկայացուցիչ Անդրեյ Նեստերենկոն:

Ահմադինեջադը ուրբաթ հայտարարել էր թե Իսրայել պետության ստեղծումը տեղի է ունեցել «առասպելների պահանջներով» եւ «կեղծարարություն» է:

«Նման արտահայտությունները, որտեղից էլ որ դրանք ասվում են, խեղաթյուրում են իրականությունը եւ անընդունելի են»,- ի պատասխան ասել է ռուս դիվանագետը։

«Հոլոքստը ժխտելու փորձերը, հատկապես երկրորդ համաշխարհային պատերազմի 70-րդ տարելիցին, վիրավորում է բոլոր զոհվածների հիշատակը եւ նրանց, ովքեր պայքարում էին ֆաշիզմի դեմ»,- ընդգծել է Նեստերենկոն։ Բացի այդ, Ռուսաստանի արտգործնախարարության ներկայացուցիչն ընդգծել է, որ «նման բնույթի հայտարարությունները չեն նպաստում միջազգային բարենպաստ մթնոլորտ ստեղծելուն՝ Իրանին առնչվող հարցերը հարթելու եւ երկխոսություն սկսելու համար»։