ԸՕ փոփոխություններով նախատեսվում է վերացնել թեկնածուների տարածքային ընտրացուցակները։ Այս մասին ԱԺ–ում ԸՕ փոփոխությունների փաթեթի քննարկման ժամանակ հարցով հրավիրված արտահերթ նիստին հայտարարեց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր, զեկուցող Գեւորգ Պետրոսյանը։
Նրա խոսքով՝ նաեւ առաջարկվում է խորհրդարանում կուսակցությունների ներկայացուցիչների համար անցողիկ նվազագույն շեմը սահմանել 5 տոկոսից 4 տոկոս՝ կուսակցությունների համար եւ 7 տոկոսից 6 տոկոս դաշինքների համար։
Պետրոսյանը նկատեց՝ նախատեսվում է, որ խորհրդարանում պարտադիր պետք է ներկայացված լինեն առնվազն չորս քաղաքական ուժեր։ Բացի այդ, խորհրդարանում ընդդիմությունը պետք է կազմի պատգամավորների առնվազն մեկ երրորդը։
Փոփոխություններով նաեւ առաջարկվում է ընտրական գրավի նվազեցում մինչեւ 7.5 միլիոն դրամ։ Բացի այդ, նախատեսվում է կանանց ներկայացվածության քվոտան գործող 25 տոկոսից հասցնել մինչեւ 30 տոկոսի, ինչպես նաեւ վերացնել բոնուսային համակարգը Երեւանի, Վանաձորի եւ Գյումրու ընտրություններում։
Ընտրական ցուցակների կազմման եւ վարման գործընթացի արդյունավետության բարձրացման նկատառումով նախատեսվում է սահմանափակել վավերականության ժամկետը լրացած անձը հաստատող փաստաթղթով քվեարկության սահմանափակումները եւ ցուցակներում թողել վերջին մի քանի տարվա ընթացքում անձը հաստատող վավեր փաստաթղթով ընտրողներին։ Նաեւ նախատեսվում է մեխանիզմ՝ դատարանի կողմից անգործունակ ճանաչված անձանց ցուցակներից հանելու համար։
Նախատեսվել է նաեւ ընտրողների իրազեկվածության մակարդակի բարձրացման ուղղությամբ միջոցառումներ, մասնավորապես օրենսդրորեն ամրագրվել է համապետական ընտրությունների ժամանակ հանրային հեռուստատեսության եւ ռադիոյի եթերում հեռուստաբանավեճերի կազմակերպում, դրանցից մեկը ցուցակների առաջին համարների մակարդակով։
Սահմանվել է նաեւ միջազգային եւ օտարերկրյա դիտորդական առաքելություններին հրավեր ուղարկելու ընթացակարգ։ ԿՀՎ–ն մերժում է դիտորդների հավատարմագրման մասին դիմումը, եթե գործադիր մարմնի ղեկավարը կամ կազմակերպությունը ներկայացնող անձը տվյալ ընտրություններին գրանցված անձ է։




























