ՀՀԿ-ն իր անելիքները պատեհ առիթներով կքննարկի, իսկ մեր քաղաքական շահերը ամբողջությամբ համընկնում են ՀՀ շահերի հետ: Այս մասին, այսօր՝ հոկտեմբերի 29-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ՀՀԿ խմբակցության պատգամավոր Արմեն Աշոտյանը:
Անդրադառնալով ՀՀԿ-ի մարտավարությանը ընտրությունների ժամանակ, Աշոտյանն ասաց. «Եթե կա երկու առաջատար կուսակցություն, որ արդեն բացահայտել է իր ընտրական տեխնոլոգիաները, ես պատրաստ եմ լինել երրորդը»:
Աշոտյանը հայտարարեց, որ իշխող կուսակցության ցուցակով բոլորն անցնելու են Նիկոլ Փաշինյանի շնորհիվ: «Նիկոլ Փաշինյանի զամբյուղի մեջ, նրա հովանոցի տակ կարող են անցնել բոլորը»:
ՀՀԿ-ական գործիչը վստահություն հայտնեց, որ ՀՀԿ-ն ունի շանսեր հայտնվելու խորհրդարանում. «Այդ շանսերը լավագույնս պետք է օգտագործի: Կան մարդիկ Հայաստանում, որոնք չեն վստահում Նիկոլ Փաշինյանին: Մեր նպատակն է լինելու այդ մարդկանց մեջ հույս արթնացնել: Ընտրական գործընթացը Ռեալ-Բարսելոնա խաղը չէ, այստեղ խոշոր հաշիվը չի նշանակում, որ պետությունը հաղթելու է:
Քաղաքական բազմակարծության պարագայում ՀՀԿ-ի դերը քաղաքական դաշտում պետք է ամրապնդել որպես ազգային ընդդիմադիր քաղաքական ուժ: Մենք մեր էլեկտորալ հաշվարկներն ունենք, մեր դարդը մի լացեք:
Եթե ես չհավատամ, որ ինձ կամ իմ կուսակցությանը ձայն կտան, ես չեմ մտնի քաղաքական դաշտ: Դա չի նշանակում, որ դուրս պետք է գամ հաղթելու համար, ոչ, ես պետք է դուրս գամ սկզբունքների համար: Կստացվի՞ մեզ մոտ նորից վստահություն ստանալ, թող այդ հույսը լինի 5 տոկոս, 7 տոկոս, 10 տոկոս, դա քաղաքական հարց է»,-ընդգծեց Աշոտյանը:




























