Հարավային Չինաստանում գործող ամերիկյան ընկերությունների ավելի քան 70 տոկոսը դիտարկում են տարածաշրջանում ներդրումները ժամանակավորապես դադարեցնելու եւ իրենց բիզնեսն ամբողջությամբ կամ մասնակի այլ երկրներ տեղափոխելու մասին՝ կապված առեւտրային պատերազմի հետ, որը բացասաբար է անդրադառնում իրենց եկամտի վրա՝ տեղեկացնում է Reuters-ը։

Հարավային Չինաստանում Ամերիկյան առեւտրային պալատի կողմից անցկացված հարցումների համաձայն՝ 219 ընկերություններից (որոնց 1/3-ը զբաղված է վերամշակման ոլորտում) ամերիկյանները կարծում են, որ իրենք մյուս երկրների ընկերություններից ավելի շատ են տուժում առեւտրային վեճից։

Ընկերությունների 64 տոկոսը հայտնել է, որ մտածում են իրենց արտադրությունը Չինաստանի սահմաններից դուրս հանելու մասին, եւ միայն մեկ տոկոսն է ծրագրում իր արտադրությունը Հյուսիսային Ամերիկայում ստեղծելու մասին։

Հետազոտությունը ցույց է տվել, որ առեւտրային պատերազմը խափանում է ինչպես մատակարարումների շղթան, այնպես էլ արդյունաբերության բնականոն աշխատանքը։

Ամերիկյան ընկերությունները հայտնում են Վիետնամում, Գերմանիայում, Ճապոնիայում գործող ընկերությունների հետ մրցակցության ուժեղացման մասին՝ այն դեպքում, երբ չինական ընկերությունները նշում են Վիետնամում, Հնդկաստանում, ԱՄՆ-ում եւ Հարավային Կորեայում ընկերությունների կողմից մրցակցության ուժեղացման մասին։

Ընկերությունները, որոնք զբաղված են մանրածախ եւ մեծածախ առեւտրով, ամենաշատն են տուժում ամերիկյան տուրքերից, մինչդեռ գյուղատնտեսության հետ կապված ընկերությունները ավելի շատ տուժում են չինական պատժամիջոցներից։

Հարցումը կատարվել է սեպտեմբերի 21-ից հոկտեմբերի 10-ն ընկած ժամանակահատվածում՝ անմիջապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ը 200 մլրդ դոլարի լրացուցիչ տուրքեր սահմանեց չինական ապրանքների արտահանման վրա։ Ի պատասխան՝ Պեկինը 60 միլիարդ դոլարի տուրքեր սահմանեց ամերիկյան ապրանքների արտահանման վրա՝ սրելով երկու երկրների միջեւ տնտեսական պատերազմը։

Ընկերությունների մոտ 80 տոկոսը հայտնել են, որ տուրքերը բացասաբար են ազդել իրենց գործունեության վրա, ընդ որում՝ ամերիկյան տուրքերն ավելի շատ, քան չինականները։

Ընկերությունների շրջանում առավել մեծ տագնապ է առաջացնում իրացվող ապրանքների արժեքի աճը, ինչը նվազեցնում է եկամուտը։ Այլ դժվարությունների թվում են գնումների վերահսկողությունն ու վաճառքի կրճատումը։