ՀՀ գործող իշխանությունները ունեն բնակչության լայն զանգվածների աջակցությունը, իսկ Ընտրական օրենսգրքի փոփոխությունների նախագծի տապալումը շահավետ էր անձանց նեղ շրջանակի համար։ Այս մասին այսօր՝ հոկտեմբերի 30-ին, լրագրողների հետ հանդիպմանն ասաց «Ծառուկյան» խմբակցության պատգամավոր Տիգրան Ուրիխանյանը։
Նրա խոսքով՝ ՀՀ մարզերի բնակիչների համար որեւէ կուսակցության թեկնածուն, որպես կանոն, առաջին հերթին նրանց բարեկամը կամ ծանոթն է, ոչ թե քաղաքական գործիչ։ Սրանից օգտվել են, օգտվում են եւ ցանկանում են ապագայում օգտվել նախորդ իշխանության ներկայացուցիչները, քանի որ քաղաքացիների այդպիսի մոտեցումը նրանց համար շահավետ է։
«Նրանց ձայն տալով՝ քաղաքացիները չեն մտածում կամ չեն հասկանում, որ քվեարկել են ՀՀԿ–ի օգտին, հենց այդ պատճառով ՀՀԿ–ն դեմ էր գործող ԸՕ–ի փոփոխությանը»,–պարզաբանեց Ուրիխանյանը։
Պատգամավորը շեշտեց նաեւ, որ ԸՕ փոփոխության նախագծի աջակիցները Աժ–ում բավարար էին, որ այն ընդունվեր երկրորդ ընթերցմամբ եւ ինչ–որ անակնկալներ չէր սպասվում, սակայն տեղի ունեցավ այն, ինչ տեղի ունեցավ։ Այս իրավիճակը, պատգամավորի կարծիքով, բազմաթիվ հարցեր է առաջացնում։
Նշենք, որ ԱԺ-ն երեկ երկրորդ անգամ չընդունեց Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը, ինչը նշանակում է, որ դեկտեմբերին կայանալիք ընտրությունները տեղի կունենան գործող օրենսգրքով, այդ թվում ժամանակին ՀՀԿ-ի համար հսկայական ձայներ ապահովող ռեյտինգային համակարգով:




























