Թուրքիան Քաթարում ռազմաբազան փակելու Սաուդյան Արաբիայի ղեկավարությամբ բլոկի պահանջը «անիրականանալի» է համարել՝ տեղեկացնում է AFP-ն։

Երկրի ԱԳ նախարար Մեւլութ Չավուշօղլուն հայտարարել է, որ Քաթարում թուրքական զորքերի ներկայությունը կապված չէ արաբական երկրների միջեւ շարունակվող ճգնաժամով։ Մենք համարում ենք, որ այդ պահանջը անիրականանալի եւ անընդունելի է»,- ասել է նախարարը եւ հավելել, որ Թուրքիան եւ Քաթարը 2014թ․՝ «ճգնաժամից շատ առաջ» պաշտպանության մասին համաձայնագիր են ստորագրել, եւ այժմ դիվանագիտական փակուղուց անհապաղ պետք է ելք գտնվի։

Սաուդյան Արաբիան, ԱՄԷ-ն, Բահրեյնը եւ Եգիպտոսը կոչ են արել փակել Քաթարի թուրքական բազան։ Այս պահանջն առաջ է քաշվել այս երկրների միջեւ դիվանագիտական ճգնաժամի հետ կապված այլ պահանջների շարքում։ Անցյալ տարվա հուլիսին նշված երկրները խզել են կապերը Դոհայի հետ՝ նրան մեղադրելով ահաբեկչությանն աջակցելու մեջ։

Քաթարը հերքում է մեղադրանքները՝ իր հերթին հարեւաններին մեղադրելով երկրում իշխանափոխություն կատարելու փորձի մեջ։