Հրազդանի նորընտիր քաղաքապետ Սեւակ Միքայելյանը քաղաքի ղեկավարման հարցում կլսի իր հոր՝ ԱԺ «Ելք» խմբակցության պատգամավոր Սասուն Միքայելյանի խորհուրդները: Այս մասին NEWS.am-ի հետ զրույցում ասաց  Սևակ Միքայելյանը:

«Բնականաբար նրա խորհուրդները կլսեմ: Կրկին շեշտում եմ, Սասուն Միքայելյանի որդին լինելը ոչ թե առավելություն է, այլ մեծ պատասխանատվություն: Սասուն Միքայելյանը միշտ ծառայել է իր ժողովրդին: Բոլորդ տեղյակ եք, երբ մասնակցել է ընտրություններին՝ ինչքան ձայն է հավաքել»,- ասաց նա:

Խոսելով քաղաքի հրատապ լուծում պահանջող խնդիրների մասին, Միքայելյանն ասաց.

«Հրազդանում գործող մանկապարտեզներից 9-ը ունեն ջեռուցման խնդիր, 2018 թ. է,  դեռ փեճ են վառում, իմ առաջնային խանդիրն է՝ ամեն ինչ անել, որ երեխաներն այնտեղ չսառչեն»,-ասաց նա:

Անդրադառնալով հրազդանցի երիտասարդների զբաղվածության խնդրին, նորընտիր քաղաքապետն ասաց.

«Այստեղ երիտասարդները զբաղմունք չունեն, մշակույթի սով ենք ապրում, սպորտը զարգացած չէ»:

Հիշեցնենք, որ Սևակ Միքայելյանը քաղաքապետ է ընտրվել հոկտեմբերի 21-ին: Մինչ այդ Հրազդանը ղեկավարում էր քաղաքապետի ժամանակավոր պաշտոնակատար Լիլիթ Ստեփանյանը: