Սաուդցի սպանված լրագրող Ջամալ Խաշոգջիի հարսնացուն ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին եւ մյուս առաջնորդներին կոչ է արել ապահովել նրա սպանության հանգամանքների բացահայտումը։
Խատիս Չենգիզն իր հիասթափությունն է հայտնել «շատ երկրների ղեկավարների մասին»։ Նա Թրամփին կոչ է արել «օգնել բացահայտել ճշմարտությունը եւ ապահովել արդարադատությունը»։ «Նա չպետք է ուղի հարթի իմ փեսացուի սպանության գործի հանգամանքները թաքցնելու համար։ Եկեք թույլ չտանք, որ փողերը ստիպեն մեր խղճին լռել եւ վարկաբեկեն մեր արժեքները»,- ասել է նա։
Անցյալ շաբաթ Չենգիզը մերժել էր Սպիտակ տուն այցելելու հրավերը՝ քննադատելով Խաշոգջիի սպանության վերաբերյալ Թրամփի հայտարարությունները։
Հիշեցնենք, որ սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա մանրամասն կազմակերպված սպանություն է եղել։




























