Ընտրական օրենսգրքի փոփոխությունների փաթեթը 3–րդ անգամ չեն բերի խորհրդարան, քանի որ կազդի ընտրությունների օրվա ժամկետի վրա։ Այս մասին NEWS.am–ի հետ հարցազրույցում ասաց ՀՀ ԱԺ «Ելք» խմբակցության ղեկավար Լենա Նազարյանը։
«Հիմա կուսակցությունները սկսում են պատրաստվել, ցուցակներ են կազմում։ Դժվար կլինի հասկանալ՝ ինչ պայմաններով պատրաստվել ընտրություններին, եթե չունենանք հստակ օրենսգիրք»,–ասաց նա։
Լենա Նազարյանը համարում է, որ Ընտրական օրենսգիրքը միանշանակ պետք է փոխվի։ Նոր խորհրդարանը, նրա խոսքով, անպայման պետք է նախաձեռնի այդպիսի փոփոխություն, ավելի հիմնավոր ուսումնասիրի եւ ընդունի փոփոխությունների փաթեթը։
Իշխող քաղաքական ուժին ուղղված մեղադրանքները, թե բավարար ջանք չի գործադրել Ընտրական օրենսգրքի ընդունման համար, Լենա Նազարյանը անտրամաբանական է համարում. «Ո՞րն էր մեր շահը, մենք ուզում ենք, որ տարածքային ցուցակները մնան, որպեսզի մարզերում հեղինակություն ունեցող թեկնածուները շահագրգիռ լինեն մեզ հետ համագործակցելո՞ւ։ Բայց դրա համար հատուկ ջանք գործադրելու կարիք առանձնապես չունենք, քանի որ անգամ ավագանու ցուցակը կազմելիս 500 հայտ ենք դիտարկել։ Թեկնածուները այսպես թե այնպես հետաքրքրված են մեզ հետ համագործակցելու, իսկ մեկ ցուցակով գնալը շատ ավելի հարմար տարբերակ է, որովհետեւ շատ ռիսկեր նվազեցնում է եւ վստահ կարող ենք իմանալ, թե որ թեկնածուներն են անցնելու խորհրդարան, կկարողանանք ավելի կանխատեսելի քաղաքական մարմին ձեւավորել»։



























