Այս պահին քննարկումներ են ընթանում, թե ինչ ձեւաչափով ենք մասնակցելու արտահերթ խորհրդարանական ընտրություններին։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 1–ին, Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց «Ելք» խմբակցության պատգամավոր, «Լուսավոր Հայաստան» կուսակցության նախագահ Էդմոն Մարուքյանը։

«Հիմա քննարկումների մեջ ենք՝ կապված նոր իրողությունների հետ, որն առաջացել է Ընտրական օրենսգրքի նախագծի տապալումով։ Հիմա քննարկում ենք ձեւաչափերը, այլ ուժերից եւս առաջարկներ կան՝ միանալու, մեծացնելու, հետեւաբար այս պահին այդ հարցին չեմ կարող պատասխանել»,– ասաց նա։

Թե որ ուժերի հետ են քննարկումներն ընթանում, Էդմոն Մարուքյանը հրաժարվեց հայտնել՝ նշելով, որ դրա մասին կհայտարարեն մոտ օրերս։