Պետական վերահսկողական ծառայության պետ Դավիթ Սանասարյանը դուրս է եկել «Ժառանգությունից» և անդամակցելու է «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությանը։ Այս մասին նա ասաց ֆեյսբուքյան ուղիղ եթերում։
11 տարի առաջ նա անդամագրվել է «ժառանգությանը» 2007 թ–ի ԱԺ ընտրություններին մասնակցելու համար՝ տեղի տալով Րաֆֆի Հովհաննիսյանի՝ հենց փողոցում հաղորդած ներշնչանքին, որ քաղաքական գործընթացներին քաղաքացու մասնակցությունը կարեւոր է։
Բարդ որոշում է եղել «Ժառանգությունից» հրաժարվելը, բայց ասաց, որ իր անդամակցությունը արհեստական էր դարձել, որոշումներից շատերի հետ համամիտ չի եղել, քաղաքական որոշումների կայացմանը չի մասնակցել։
«Քանի որ իմ մասնակցությունը կուսակցության աշխատանքներին սառեցվել էր, անիմաստ էր մնալ քաղաքական թիմի անդամ եւ այլ թիմի հետ երկրում կարեւոր գործունեություն ծավալել»,–ասաց նա։
Նախ՝ որոշել է մնալ անկուսակցական, բայց հետո մտածել է՝ եթե իրենք քաղաքական թիմ են, ապա քաղաքական որոշումների կայացման մեխանիզմը սկսվում է քաղաքական կուսակցությունից։
ՔՊ գաղափարախոսությունը, նրա համոզմամբ, շատ չի տարբերվում այն գաղափարներից, որոնք ինքը տարածել է երկար տարիներ, բացի այդ՝ կարեւոր է համարում քաղաքացիական համակարգի կայացումը։ Այս մասին խոսել է վարչապետի հետ եւ որոշում կայացրել անդամակցել ՔՊ–ին։
Ասաց, որ ամեն ինչ անելու է, որ «Քաղաքացիական պայմանագիրը» որեւէ ձեւով չդառնա ՀՀԿ. «Այլեւս ՀՀԿ–ներ չեն լինելու»,- ասաց նա։



























