Ռուսաստանում գրանցվել է A(H1N1) վիրուսի՝ «խոզի գրիպի» առաջին մահացու դեպքը։ Ինչպես հայտնում է «Վեստին», այդ մասին սեպտեմբերի 20-ին հայտարարել է Իվանովսկու անվան վարակաբանության ինստիտուտի տնօրեն՝ Դմիտրի Լվովը։

Նրա խոսքերով, այդ հիվանդության առաջին զոհն է դարձել Բուլղարիայից ժամանած ռուսական բժշկական հաստատության աշխատակիցը։ Նա բուժվում էր այն հիվանդանոցում, որտեղ ինքն էր աշխատում։

Երկու շաբաթվա ընթացքում հիվանդի վիճակը վատթարանում էր, եւ նրան տեղափոխել են Մոսկվայի հիվանդանոց, որտեղ նա մահացել է։ Նրա մահվանից մեկ օր առաջ հիվանդից վերցված նյութերը տարել են վարակաբանության ինստիտուտ, որտեղ եւ հաստատել են նրա ախտորոշումը։ Ինչպես հայտնել է բժիշկը, հիվանդանոցում տեղավորելու ժամանակ հիվանդը հասցրել է վարակել եւս մի քանի մարդու։ Ռոսպոտրեբնադզորի վիճակագրական տվյալներով՝ A(H1N1) վիրուսով վարակվածների թիվը պետությունում մինչեւ ներկա պահը կազմել է 381 մարդ։