Սաուդյան Արաբիայի գահաժառանգ Մոհամմեդ բին Սալմանը սպանված լրագրող Ջամալ Խաշոգջիին նրա անհետացումից մի քանի օր անց վտանգավոր իսլամիստ է անվանել ԱՄՆ նախագահ Դոնալդ  Թրամփի փեսայի՝ Ջարեդ Քուշների  եւ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Ջոն Բոլթոնի հետ հեռախոսազրույցում, գրում է Washington Post–ը՝ վկայակոչելով իր աղբյուրներին։

Գահաժառանգը հորդորել է Քուշներին ու Բոլթոնին պահպանել ամերիա–սաուդյան դաշինքն ու ասել է, որ լրագրողը «Մուսուլման եղբայրների» անդամ է։

Սաուդյան Արաբիայի ներկայացուցիչները հերքել են, որ Մոհամմեդը նմանատիպ հայտարարություններ է արել՝ նշելով, որ ժամանակ առ ժամանակ արքայազնը զրույց է ունենում ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաների հետ, բայց այսպիսի մեկնաբանություն չի եղել։

Սպիտակ տունը հրաժարվել է քննարկել սաուդցիների հետ գաղտնի զրույցները կամ հայտնել, թե քանի անգամ է գահաժառանգը եւ Քուշները զրուցել լրագրողի անհետացումից հետո։ Հարցին ծանոթ աղբյուրի խոսքով՝ Մոհամեդը բազմիցս զրուցել է Քուշների հետ, սակայն Բոլթոնի եւ Քուշների հետ զրույցը տեղի է ունեցել հոկտեմբերի 9-ին։

Հիշեցնենք, որ նախօրեին Ստամբուլի դատախազը հայտարարել էր, որ Խաշոգջիին խեղդամահ են արել անմիջապես հյուպատոսություն մտնելուց հետո, եւ դա եղել է կանխամտածված սպանություն, նրա մարմինն անդամահատել են եւ ոչնչացրել։ Հայտարարության մեջ ասվում էր, որ Սաուդյան Արաբիայի գլխավոր դատախազ Սաուդ Ալ Մոհեբի հետ բանակցությունները որեւէ «որոշակի արդյունք» չեն տվել՝ չնայած ճշմարտությունը բացահայտելու Թուրքիայի ջանքերին։

Սաուդցի հայտնի լրագրող Ջամալ Խաշոգջին հոկտեմբերի 2-ին փաստաթղթեր վավերացնելու համար մտել էր Թուրքիայում Սաուդյան Արաբիայի հյուպատոսություն եւ անհետացել։ Կարծիք կա, որ նրան այնտեղ սպանել են՝ Էր Ռիադի դեմ քննադատական հոդվածներ գրելու համար։ Սաուդյան Արաբիան սկզբում այդ ամենը հերքում էր՝ պնդելով, որ լրագրողը հյուպատոսությունից դուրս գալուց հետո է անհետացել, սակայն այժմ ընդունում է, որ լրագրողը սպանվել է, սակայն՝ «պատահաբար»։ Ռեջեփ Թայիփ Էրդողանը հայտարարել է, որ դա մանրամասն կազմակերպված սպանություն է եղել։ Նշենք, որ Խաշոգջիի մարմինը դեռեւս չի գտնվել։