Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտնում է, որ Ազգային Ժողովի արտահերթ ընտրություններում 5քմ մակերեսը գերազանցող գովազդային վահանակներում քարոզչական պաստառ տեղադրելու համար կուսակցությունների եւ կուսակցությունների դաշինքների հայտերը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելու վերջնաժամկետը նոյեմբերի 14-ն է:
Այս առնչությամբ, ԿԸՀ հաղորդագրության մեջ նաեւ ասվում է. «Ելնելով վերոգրյալից եւ հաշվի առնելով վահանակների մասին տեղեկությանը պատշաճ ծանոթանալու անհրաժեշտությունը՝ Կենտրոնական ընտրական հանձնաժողովը գովազդային վահանակները տնօրինող կազմակերպություններին առաջարկում է ընտրություններին մասնակցող կուսակցություններին, դաշինքներին տրամադրելու համար իրենց պատկանող վահանակների քանակի, մակերեսների, դրանց գտնվելու վայրերի եւ վարձավճարների վերաբերյալ տեղեկությունը Կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնել մինչեւ նոյեմբերի 11-ը:
Հինգ քառակուսի մետրը գերազանցող մակերեսով արտաքին գովազդային վահանակների ցանկի ձեւը կարելի է ներբեռնել Կենտրոնական ընտրական հանձնաժողովի www.elections.am կայքից: Հայտերը ներկայացվում են էլեկտրոնային եւ թղթային եղանակով:
Առավել մանրամասն տեղեկությունների համար զանգահարել +37410563208 հեռախոսահամարով»:




























