Առաջիկա խորհրդարանական ընտրություններում Նիկոլ Փաշինյանի եւ նրա թիմի գլխավոր եւ թերեւս միակ ռեսուրսը բնակչության աջակցությունն է: Այս մասին նոյեմբերի 2-ին լրագրողների հետ հանդիպման ժամանակ ասաց Կովկաս ինստիտուտի տնօրեն Ալեքսանդր Իսկանդարյանը՝ պատասխանելով NEWS.am-ի թղթակցի այն հարցին, թե ընտրությունների նախաշեմին ինչպիսի քաղաքական ռեսուրսներ ունի ներկայիս իշխանությունը:
Փորձագետի խոսքով՝ էյֆորիան դեռ արթուն է, եւ շեշտադրումը դրա վրա է կատարվում, ինչով էլ բացատրվում է ընտրությունները հենց հիմա անցկացնելու ձգտումը:
«Սա պատճառաբանված է, քանի որ մի քանի ամսում չէր կարող այնպիսի բան տեղի ունենալ, որ իշխանությունների համար կարողանար եւս մի քաղաքական ռեսուրս դառնալ»,- շեշտեց Իսկանդարյանը:
Նրա խոսքով՝ Փաշինյանի թիմի գլխավոր խնդիրը քաղաքական փորձի բացակայությունն է: Այս իմաստով նրանք Հայաստանի Հանրապետական կուսակցության հակապատկերն են, որը չափից ավելի է իշխանության եղել, եւ դա հանգեցրել է հասարակության ու իշխանության միջեւ անդունդի գոյացմանը:
Անդրադառնալով ղարաբաղյան հակամարտության կարգավորման խնդրին՝ փորձագետը նշեց, որ հակամարտությունն այն փուլում է, որը եղել է դեռեւս 2011 թվականին Կազանում: «Սա կարելի է անվանել հակամարտության կառավարում, բայց ոչ դրա կարգավորման գործընթաց: Ինչ վերաբերում է շփման գծում իրադրությանը, ապա, ամենայն հավանականությամբ, մինչեւ ձմեռ լարվածություն չի լինի»,- եզրափակեց փորձագետը:
Հիշեցնենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրություններն անցկացվելու են դեկտեմբերի 9-ին:




























