ԱՄՆ-ը նոր պատժամիջոցներով ձգտում է շարունակական «հոգեբանական պատերազմ» սանձազերծել Իրանի դեմ։ Այդ մասին ուրբաթ օրը հայտարարել է Իրանի Իսլամական Հանրապետության ԱԳՆ ներկայացուցիչ Բահրամ Հասեմին՝ նշելով, որ Թեհրանն այդ առիթով որեւէ անհանգստություն չունի՝ տեղեկացնում է ՏԱՍՍ-ը։

«Մենք անհանգստության պատճառ չունենք։ ԱՄՆ-ը այդ միջոցներից ոչ մեկը չի կարող իրականացնել իրանցի հզոր եւ առնական ժողովրդի դեմ»,- Հասեմիի խոսքերն է մեջբերում երկրի հեռուստառադիոծառայությունը։

Հասեմին նաեւ ասել է, որ ԱՄՆ-ը միջազգային բանկերի, ընկերությունների վրա ճնշում գործադրելու համար զանազան միջոցների է դիմել եւ հսկայական գումարներ ծախսել՝ ստիպելով նրանց խզել կապերը Թեհրանի հետ, սակայն բոլոր այդ ջանքերն ապարդյուն են եղել։

ԱԳՆ ներկայացուցչի խոսքերով՝ ամերիկյան պատժամիջոցներն ուղղված են նրան, որպեսզի թաքցնեն ԱՄՆ տնտեսության մեջ ճեղքվածքները, եւ դա այն դեպքում, երբ Իրանը բավական հնարարվորություններ եւ գիտելիքներ ունի իր տնտեսությունը հաջողությամբ վարելու համար։