Կուբայի արտաքին գործերի դեպարտամենտի տնօրեն Կառլոս Ֆերնանդես դե Կոսիոն հայտարարել է, որ ԱՄՆ-ի նախագահի ազգային անվտանգության հարցերով օգնական Ջոն Բոլթոնի կողմից Կուբայի դեմ հայտարարված նոր սահմանափակող միջոցները չեն ստիպի երկրին միջազգային ասպարեզում իր դիրքորոշումից հրաժարվել, հաղորդում է ՏԱՍՍ-ը:

«Միացյալ Նահանգների հայտարարած միջոցները չեն խանգարի մեզ շարունակել կառուցել բարգավաճ, սոցիալիստական եւ ժողովրդավարական հասարակություն՝ համաձայն Կուբայի ժողովրդի կամքի: Նրանք չեն փոխի մեր երկրի համերաշխության պարտավորությունները աշխարհի այլ ժողովուրդների հանդեպ, բայց կվնասեն Կուբայի բնակիչներին, արտերկրում բնակվող կուբացիներին եւ նրանց, ովքեր ցանկանում են կառուցողական հարաբերություններ հաստատել երկու երկրների միջեւ,-ասել է նա:

Կուբան կշարունակի պաշտպանել  սեփական քաղաքական համակարգը եւ ապագան ընտրելու ինքնիշխան իրավունքը: Իսկլ ԱՄՆ-ի հետ մենք կշարունակենք երկխոսության նույն դիրքորոշումը, ինչպես աշխարհի մնացած մասի հետ»:

Հինգշաբթի Բոլթոնն ասել էր, որ մի քանի օրվա ընթացքում նախատեսվում է Կուբայի դեմ ընդլայնել պատժամիջոցները: ԱՄՆ-ն Կուբայի հետ դիվանագիտական հարաբերությունները խզել է  1961 թվականին՝ ի պատասխան կղզում ամերիկյան սեփականության ազգայնացմանը: Դրանից հետո Վաշինգթոնը հայտարարել է երկրի դեմ առեւտրատնտեսական արգելքի ներդրման մասին: