Առաջիկա խորհրդարանական արտահերթ ընտրությունները կարող են ապաքաղաքական լինել, կարող են ապաքաղաքական չլինել: Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 3-ին, ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց Արդարադատության նախարարի պաշտոնակատար Արտակ Զեյնալյանը:
Դա, ըստ նրա, պայմանավորված է նրանով, թե քաղաքական ուժերն ինչպես կմասնակցեն, պետությունն ինչպես կկատարի իր պարտականությունները՝ ապահովելու եւ երաշխավորելու համար ընտրական իրավունքը:
«Դեռեւս քարոզարշավը չի մեկնարկել եւ վաղ է արդյունքներն ուրվագծելու համար: Կարող է լինել եւ մեկը, եւ մյուսը: Բայց մենք ցանկանում ենք, որ այն լինի քաղաքական ընտրություն: Բնականաբար, կառավարությունն ու ոստիկանությունն ամեն ինչ անելու են, որ անօրինականություններ չլինեն, եւ լրատվամիջոցներն էլ ապահովելու են, որ ընտրությունները լինեն հնարավորինս թափանցիկ եւ քաղաքական կամքը ձեւավորվի ազատորեն»,-ասաց Զեյնալյանը:
Հարցին, թե խնդիր չի՞ տեսնում, որ ռեյտինգային ընտրակարգը կարող է աղճատել ընտրությունները, նախարարի պաշտոնակատարն արձագանքեց. «Ոչ խնդիր չեմ տեսնում, մենք բոլորս պետք է ջանքերը միավորենք, որ լինի քաղաքական ընտրություն եւ ապագա խորհրդարանը լինի լեգիտիմ»: Զեյնալյանը համաձայն չէ տեսակետին, որ իշխանությունը համապատասխան ջանք չգործադրեց, որպեսզի Ընտրական օրենսգրքի փոփոխություններն ընդունվեին. «Համաձայն չեմ: Գործող կառավարությունը գործադրեց բոլոր ջանքերը, ինչ ստացվեց՝ ստացվեց»:
Հարցին, թե արդյոք ինքը «Լույս» դաշինքի կազմում մասնակցելու է ընտրություններին, նա պատասխանեց. «Կոնսուլտացիաները շարունակվում են ձեւաչափի շուրջ, կորոշենք, թե ինչ ձեւաչափով ենք մասնակցելու ընտրություններին: Դետալները շուտով կհրապարակվեն»:
Ինչ վերաբերում է «Լույս» դաշինքի շանսերին՝ հաշվի առնելով, որ առկա է ռեյտինգային համակարգը, նաեւի այն, որ ՀՀԿ-ն է մասնակցելու ընտրություններին, Զեյնալյանն ասաց. «Լույս» դաշինքի վերաբերյալ դեռեւս վերջնական հայտարարություն չկա եւ մենք չենք կարող մեր հարցերն ու պատասխանները կառուցել մի բանի վրա, որը դեռ փաստ չէ: Կարծում եմ՝ լավ ընտրություններ են լինելու: Կլինի նոր որակի խորհրդարան: Ամեն ինչ անելու ենք, որ լեգիտիմության պակաս չլինի»:
Իսկ ընտրություններից հետո կշարունակե՞ք մնալ նախարար, հարցին էլ արձագանքեց. «Այդ ամենը պայմանավորված է ընտրության արդյունքներով»:




























