Որևէ կերպ չի հիմնավորվել Արա Մինասյանի կողմից մատնանշված գումարներն իր սեփականությունը դարձնելուն ուղղված որևէ հանգամանք: Այս մասին հայտարարություն են տարածել Երեւանի «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրեն, պրոֆեսոր Արա Մինասյանի փաստաբաններ՝ ԱՄՆ Նյու Յորք նահանգի փաստաբանների պալատի անդամ Հայկ Սարգսյանը եւ ՀՀ փաստաբանների պալատի անդամ Տիգրան Ղազարյանը:
Հայտարարությունում ասվում է.
«Ծանոթանալով «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոն ՓԲ ընկերության նախկին տնօրենին որպես մեղադրյալ ներգրավելու մասին՝ ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրությանը՝ հայտնում ենք, որ պրոֆեսոր Արա Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելն անհիմն է եւ չպատճառաբանված, չի բխում գործող քրեադատավարական եւ քրեաիրավական կարգավորումներից, որոնց արդյունքում անձի սահմանադրորեն ամրագրված իրավունքներն էականորեն սահմանափակվել են: Մասնավորապես, անձին որպես մեղադրյալ ներգրավելու հիմքը հանցանքի կատարումը վկայող բավարար ապացույցների համակցությունն է, որով առնվազն պետք է ողջամիտ դիտորդի մոտ կասկած չհարուցի անձի առնչության վերաբերյալ, որը սույն գործով բացակայում է հետեւյալ պատճառաբանությամբ՝
1. Անընդունելի է հաղորդագրության մեջ «հափշտակություն» եզրույթի օգտագործումն այն պայմաններում, երբ «Պետական հիմնարկների եւ կազմակերպությունների աշխատողների սոցիալական փաթեթով ապահովում» ծրագրով սահմանված ընթացակարգերը քիչ թե շատ ուսումնասիրած անձը կարող է հավաստել, որ մատնանշված պետական միջոցները ՀՀ Առողջապահության նախարարությունից փոխանցվում են բացառապես 100% պետական մասնակցություն ունեցող «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ» բժշկական կենտրոնին՝ օգտագործվելու վերջինիս կարիքների համար, այլ ոչ թե այս կամ այն կոնկրետ անձի՝ դառնալով վերջինիս սեփականությունը: «Հափշտակություն» եզրույթը ենթադրում է մեղադրվող անձի կողմից ապօրինի եղանակով ուրիշի գույքի նկատմամբ սեփականության իրավունք ձեռք բերելը:
2. Որեւէ կերպ չի ներկայացվել եւ չի հիմնավորվել Արա Մինասյանի կողմից մատնանշված գումարներն իր սեփականությունը դարձնելուն ուղղված որեւէ հանգամանք, ինչը վերագրվող խարդախության հանցակազմի պարտադիր հատկանիշ է: Սույն գործով «խարդախության» առկայության մասին կարելի էր խոսել միայն այն դեպքում, երբ առկա լիներ որեւէ տվյալ, ըստ որի՝ պետական միջոցները դարձել են այլ անձի սեփականությունը: Անկասկած, նման հանգամանքն առկայության դեպքում կբացահայտվեր ՀՀ քննչական կոմիտեի տարածած հաղորդագրության մեջ՝ այն ներկայացնելով հանրության դատին:
3. Անհասկանալի է 426.343.650 ՀՀ դրամի՝ որպես «հափշտակության» գումարի մատնանշումն այն պայմաններում, երբ պարզ չէ, թե ինչ մեխանիզմով է քրեական վարույթն իրականացնող մարմինը հաշվարկել գումարի չափը: Գտնում ենք, որ նման գումարի հստակ հաշվարկը կարող էր հնարավոր լինել միմիայն հարյուրավոր անձանց հարցաքննություններից եւ փորձաքննություններից հետո, ինչը նախաքննության այս փուլում չէր կարող կատարվել:
4. Ակնհայտ է, որ նման հաղորդագրության տարածումը մինչեւ դատարանի կողմից պրոֆեսոր Ա. Մինասյանի նկատմամբ կալանավորումը՝ որպես խափանման միջոց ընտրելու հարցի լուծումը նպատակ է հետապնդում ազդել եւ ճնշում գործադրել դատարանի ներքին համոզմունքի վրա եւ հանգեցնել գործի տվյալներից չբխող դատական ակտի կայացման, որը չի արտացոլի օբյեկտիվ իրականությունը եւ անհիմն կերպով կսահմանափակի անձի ազատությունը:
5. Ինչ վերաբերում է պրոֆեսոր Մինասյանի նկատմամբ հայտարարված հետախուզմանը, ապա անհրաժեշտ ենք համարում հայտնել, որ վարույթն իրականացնող մարմինը երբեւէ որեւէ միջոց չի ձեռնարկել նրան որպես մեղադրյալ հրավիրելու, մեղադրանք առաջադրելու եւ հարցաքննելու ուղղությամբ, ինչի մասին վկայում են հաղորդագրության մեջ ներկայացված իրարամերժ տվյալները, որոնց համաձայն՝ 2018 թվականի նոյեմբերի 2-ին պրոֆեսոր Մինասյանը ներգրավվել է որպես մեղադրյալ եւ նույն օրը հայտարարվել է հետախուզում՝ իբրեւ թե հիմք ընդունելով այն, որ նրա գտնվելու վայրը հայտնի չէ եւ նա թաքնվում է քննությունից: Ողջամիտ հարց է ծագում՝ ինչպե՞ս է հնարավոր հանգել նման հետեւության մի քանի ժամվա ընթացքում՝ առանց անձին նրա կարգավիճակի վերաբերյալ ծանուցելու:
6.Տարածված հաղորդագրության վերաբերյալ մեր մտահոգությունները հաստատվում են նաեւ նրանով, որ վարույթն իրականացնող մարմինը, անձին որպես մեղադրյալ ներգրավելուց հետո մեղադրանք առաջադրելու համար ունենալով 48 ժամ, առանց ձեռնարկելու անհրաժեշտ միջոցներ անձին մեղադրանք առաջադրելու ուղղությամբ անմիջապես միջնորդություն է ներկայացրել դատարան՝ պրոֆեսոր Մինասյանի անձնական ազատությունը սահմանափակելու վերաբերյալ:
7.Առնվազն արդարացված չէ, որ չպատճառաբանված ձեւակերպումներով հաղորդագրության միջոցով իրավապահ մարմինը փորձ է անում ստվերել հազարավոր կյանքեր փրկած, Հայաստանի առողջապահական համակարգի կայացման ակունքներում կանգնած պրոֆեսոր Մինասյանի պատիվն ու հեղինակությունը:
Ամփոփելով վերոշարադրյալը՝ հայտնում ենք, որ մեր կողմից օրենքով սահմանված կարգով հետեւողականորեն ձեռնարկվելու են բոլոր միջոցները սույն քրեական գործով օբյեկտիվ ճշմարտությունը բացահայտելու, պարոն Մինասյանի խախտված իրավունքները վերականգնելու եւ ապօրինություններ թույլ տված անձանց պատասխանատվության ենթարկելու ուղղությամբ»:
Հիշեցնենք, որ Քննչական կոմիտեն երեկ հայտարարություն էր տարածել «Սուրբ Գրիգոր Լուսավորիչ բժշկական կենտրոն» ՓԲ ընկերությունում հայտնաբերված առերեւույթ չարաշահումների հիմքով բուժկենտրոնի նախկին ղեկավար Արա Մինասյանին որպես մեղադրյալ ներգրավելու մասին, միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Ա.Մինասյանի նկատմամբ որպես խափանման միջոց կալանավորումն ընտրելու վերաբերյալ։



























