Արաբական երկրները խորը հիասթափություն են ապրում Իսրայելում իր դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու Բրազիլիայի մտադրության պատճառով եւ բրազիլական իշխանություններին կոչ են անում վերանայել իրենց որոշումը՝ տեղեկացնում է Asharq Al-Awsat-ը։

«Իսրայելում իրենց դեսպանությունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու մասին Բրազիլիայի նախագահ Ժաիր Բոլսոնարուի խոսքերը ցնցող են եւ արաբական երկրներին խորը հիասթափություն են պատճառում»,- ասել է Արաբական պետությունների լիգայի գլխավոր քարտուղար Ահմեդ Աբու Ալ Հեյթը։

Նա նաեւ հավելել է, որ «նման քայլերը պետք է լավ ուսումնասիրվեն, քանի որ կարեւորագույն նշանակություն ունեն արաբական բոլոր երկրների համար, եւ կարող են ամենալուրջ հետեւանքներն ունենալ այլ երկրների հետ արաբների հարաբերությունների վրա»։

Հինգշաբթի օրը Israel Hayom իսրայելական թերթին տված հարցազրույցում Բոլսոնարուն, որը պաշտոնը կստանձնի 2019թ․ հունվարի 1-ին, հաստատել էր իր երկրի դեսպանությունը Երուսաղեմ տեղափոխելու իրենց մտադրությունը։ Նա ասել էր, որ Իսրայելն ինքնիշխան պետություն է, եւ դա նշանակում է, որ իսրայելական ժողովուրդն ինքը պետք է որոշում կայացնի իր երկրի մայրաքաղաքի մասին։

Ներկայում միայն Իսրայելում ԱՄՆ-ի եւ Գվատեմալայի դեսպանություններն են գտնվում Երուսաղեմում։

Երուսաղեմի կարգավիճակը պաղեստինա-իսրայելական հակամարտության կարեւոր խնդիրներից մեկն է։ 1967թ․ պատերազմից հետո իսրայելցիները զբաղեցրել են քաղաքի արեւելյան մասը։ Նրանք պնդում են, որ Երուսաղեմը Իսրայելի «միակ եւ անբաժան» մայրաքաղաքն է։ Պաղեստինցիներն իրենց հերթին քաղաքի արեւելյան մասն ուզում են իրենց մայրաքաղաքը դարձնել։