ՔՊ ցուցակը դեռ հայտնի չէ, այն բավական ներառական է լինելու։ Այս մասին այսօր՝ նոյեմբերի 3-ին, NEWS.am-ի հետ զրույցում ասաց «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության մամուլի խոսնակ Վահան Կոստանյանը։

«ՔՊ ցուցակն առայժմ չկա, մինչեւ կենտրոնական ընտրական հանձնաժողով ներկայացնելը պարզ կլինի։ Շարքը բավականին ներառական է, առաջնահերթ մեծ կարեւորություն է տրվում պրոֆեսիոնալիզմին ու մարդկանց անձնական տվյալներին՝ ով ինչ ոլորտում կկարողանա աշխատել ԱԺ-ում»,-ասաց Կոստանյանը։

Վահան Կոստանյանը փակագծեր չբացեց, թե մասնավորապես ովքեր են դիմել ՔՊ ցուցակում ընդգրկվելու համար, նա նշեց, որ առայժմ բանակցություններ են գնում այդ ուղղությամբ։

«Մենք այս ընթացքում հանդիպում ենք տասնյակ մարդկանց հետ, ավելի կոնկրետ 3 օրվա ընթացքում շուրջ 100 հոգու հետ հանդիպել ենք։ Տեսականորեն հնարավոր է, որ այլ կուսակցություններից էլ հրավիրենք անձանց, սակայն այս պահին չի քննարկվում դա»,- ասաց Կոստանյանը։

Հարցին, թե արդյոք կուսակցական նախարարները լինելու են ՔՊ ցուցակում, Կոստանյանն ասաց որ իրենց քաղաքական թիմն ամբողջությամբ ներկայացված է լինելու․ «Այդ թվում նաեւ Կառավարությունում ընդգրկված քաղաքական թեւը»։

Հարցին, թե ՀԱԿ անդամ Արամ Մանուկյանի որդին՝ Արեն Մանուկյանը, ներկայացված լինելու է ՔՊ ցուցակում, Վահան Կոստանյանը նշեց, որ Արեն Մանուկյանի հետ նման հանդիպում չի եղել, նման խոսակցություն չի եղել․ «Այս պահին որեւէ քննարկում ՀԱԿ-ի հետ պաշտոնական տեղի չի ունեցել, այս պահի դրությամբ ՀԱԿ-ից որեւէ անդամ ընդգրկված չէ ՔՊ ցուցակում»։

Դերասան Հովհաննես Ազոյանի ցուցակում ընդգրկվելու հետ կապված էլ ասաց, որ Հովհաննես Ազոյանի կողմից դիմում եղել է կուսակցությունում ընդգրկվելու հետ կապված, սակայն այն դեռ չի հաստատվել։

Նշենք, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի կունենան 2018թ-ի դեկտեմբերի 9-ին, նախընտրական քարոզարշավը կմեկնարկի նոյեմբերի 26-ից։ Կուսակցություններն ու կուսակցությունների դաշինքները կարող են իրենց հայտերը ներկայացնել մինչև նոյեմբերի 14-ը, ժամը 18։00-ն։ Դրանց գրանցումը ԿԸՀ-ն կիրականացնի մինչև նոյեմբերի 19-ը, ժամը 18։00-ն։ Քարոզչության ժամանակահատվածը նոյեմբերի 26-ից դեկտեմբերի 7-ն է։ Ընտրական օրենսգրքով սահմանվել է 12-օրյա ժամկետ: