Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյին հաջողվել է Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու հարցով եվրոպացի բանակցողների հետ համաձայնության գալ զիջումների շուրջ, որի արդյունքում ամբողջ Մեծ Բրիտանիան կմնա ԵՄ Մաքսային միությունում, հայտնում է The Times-ը:

Վկայակոչելով բարձրաստիճան պաշտոնյաներին՝ պարբերականը հայտնում է, որ Եվրամիությունից Մեծ Բրիտանիայի դուրս գալու եզրափակիչ փաստաթղթում կամրագրվի Մաքսային միությունում Մեծ Բրիտանիայի անդամության պահպանման մասին համաձայնագիրը, ընդ որում՝ Լոնդոնն իրեն համաձայնագրից դուրս գալու իրավունք կվերապահի:

Այսպիսով, Մեյը ցանկանում է եվրահոռետեսներին համոզել, որ Բրիտանիան ընդմիշտ չի մնա Մաքսային միությունում, նշում է Times-ը: Պարբերականի տեղեկություններով՝ Եվրամիության զիջումն է «շուկայում» ապրանքների վերահսկողությունն իրականացնելու Բրիտանիայի իրավունքի ճանաչումը, այսինքն՝ ֆաբրիկաներում եւ խանութներում, այլ ոչ թե սահմանին:

Դրանից բացի, պարբերականի տեղեկություններով՝ Մեյը կարող է համաձայնության գալ Բրյուսելի հետ տնտեսական գործընկերության հարցում, ինչը Բրիտանիային թույլ կտա պահպանել Եվրամիության հետ բաց առեւտրի հնարավորությունը այն նույն մոդելով, որի հիման վրա ԵՄ-ն համագործակցում է Կանադայի հետ:

Բրեքսիթի հարցով բանակցությունները «ավելի առաջանցիկ փուլում են, քան ավելի վաղ էր հաղորդվում», նշում է Times-ը: Եզրափակիչ փաստաթուղթը կազմված կլինի ավելի քան 50 էջից:

ԵՄ Մաքսային միությունում Բրիտանիայի մնալը թույլ կտա խուսափել Հյուսիսային Իռլանդիայի եւ Իռլանդիայի Հանրապետության միջեւ սահմանի ստեղծումից: Սահմանի հարցը մնում էր բրեքսիթի հարցով բանակցությունների ամենահակասական թեմաներից մեկը:

Ավելի վաղ, ինչպես հայտնել է նույն The Times-ը՝ վկայակոչելով աղբյուրներին, Թերեզա Մեյը Բրյուսելի հետ համաձայնության էր եկել բրեքսիթից հետո եվրոպական շուկային բրիտանական ընկերությունների հասանելիության պահպանման հարցում:

Թերեզա Մեյի գրասենյակն արդեն մեկնաբանել է The Times-ի հոդվածը: «Այս ամենը շահարկում է: Վարչապետը հստակ հասկացրել է, որ մենք ապագա հարաբերությունների առումով լավ առաջընթացի ենք հասնում, եւ ապագա համաձայնագիրն 95 տոկոսով արդեն կարգավորված է»,- նշված է Բրիտանիայի կառավարության մեկնաբանության մեջ:

Պաշտոնապես բրեքսիթը նախատեսված է 2019 թվականի մարտի 29-ին, որից հետո կսկսվի անցումային փուլը, որը կտեւի մինչեւ 2020 թվականի վերջը: