Հարավային եւ Հյուսիսային Կորեաները միջկորեական սահմանի երկու կողմում 22 դիտակետերում դեղին դրոշներ են բարձրացրել, հայտնում է «Ռյոնհափ» գործակալությունը:
Դրոշները նշում են այն դիտակետերը, որոնք պետք է ապամոնտաժվեն:
«Այս միջոցառման նպատակն այն է, որ երկու երկրների ռազմական հրամանատարությունը կարողանա հետեւել եւ ստուգել, թե ինչպես են ընթանում դիտակետերի վերացման աշխատանքները, եւ այդպիսով բարձրացնել փոխադարձ վստահությունն ու թափանցիկությունը»,- գործակալությանն ասել է Հարավային Կորեայի Պաշտպանության նախարարությունից պաշտոնյան:




























